«Փաստ» օրաթերթը գրում է.
ԱՄՆ նախագահական ընտրությունների «դեբատի» ժամանակ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ընտրվելու դեպքում, «դեռ աշխատասենյակ չմտած», կխաղաղեցնի վիճակը՝ կապված ռուս-ուկրաինական պատերազմի հետ: Նա նշել է, որ «այդ պատերազմը չպետք է նույնիսկ սկսվեր», ապա մեղադրել է նախագահ Բայդենին, որ աննախադեպ ահռելի գումարներ է «լցրել» Ուկրաինա՝ մոտ 200 մլրդ դոլար: «Մենք չպետք է նման գումարներ ծախսենք»,-ասել է Թրամփը՝ հավելելով, որ արդյունքում մարդիկ են մահանում՝ «անիմաստ ու անօգուտ»:
Թրամփը նաև խոստացել է հաշտեցնել Զելենսկիին ու Պուտինին և կարգավորել այդ հարցը: Սա, իհարկե, կարևոր հայտարարություն է առաջին հերթին այն առումով, որ ընտրարշավի ողջ ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ Թրամփի հաղթելու հավանականությունը շատ մեծ է: Դրա վերջին ակորդը նրա նկատմամբ իրականացված մահափորձն է, որի հետ կապված տարբեր մեկնաբանություններ կան, սակայն շատերը միակարծիք են, որ դա ավելի բարձրացրեց նրա հաղթելու հավանականությունը: Իսկ ի՞նչ կլինի նման ելքի պարագայում: Հասկանալի է, որ առաջին հերթին Ռուսաստանը վերականգնելու է իր աշխարհաքաղաքական հեգեմոնիան, որին, ըստ փորձագետների, դեմ չէ նաև Թրամփը՝ առաջին հերթին որպես բիզնես մտածողություն և բիզնես հետաքրքրություններ ունեցող գործիչ:
Դրանից հետո, բնականաբար, Ռուսաստանն ավելի լրջորեն է զբաղվելու Հարավային Կովկասով: Սա հասկանում են նաև Հայաստանի իշխանությունները և հենց այդ պատճառով էլ, մեր տեղեկություններով, որոշակի «սիրաշահումներ» են սկսել ի ցույց դնել ռուսների նկատմամբ: Ավելին, մեր աղբյուրները փոխանցում են, որ արդեն աշնան սկզբին կարող են դրսևորվել ռուսամետության ցցուն ժեստեր: Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, Ռուսաստանը, ուկրաինական պատերազմից ձեռքերն ազատելուց հետո, կարող է Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների կողմնակից լինել: Ընդ որում, ըստ իշխանական կուլիսներում առկա խոսակցությունների, դա կարող է լինել Արևմուտքի հետ պայմանավորված, և նոր խորհրդարանի 70 տոկոսը կազմված կլինի ռուսամետ և ազգային ուժերից, 30 տոկոսը՝ արևմտամետներից...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում