Հնդիկ 3 խեղճ ու կրակ տիկնոջ և մեկ տղամարդու ստիպված եմ լինելու տանել Հնդկաստանի դեսպանատուն, որպեսզի հետ ուղարկեն. Գործատու


Հնդիկ 3 խեղճ ու կրակ տիկնոջ և մեկ տղամարդու ստիպված եմ լինելու տանել Հնդկաստանի դեսպանատուն, որպեսզի հետ ուղարկեն. Գործատու
Հուլիս 5 18:52 2024

Էժան աշխատուժ համարվող հնդիկները Հայաստան են գալիս, որպես կանոն, անօրինական ճանապարհներով ու բախվում բազում խնդիրների, այդ թվում՝ աշխատանքային թրաֆիքինգի ենթարկվելու վտանգի։

Նրանցից շատերին խոստացել են աշխատանքի հնարավորություն, սակայն Հայաստանի տեղափոխել տուրիստական վիզայով, իսկ այստեղ արդեն ոչ միշտ է հաջողվում ձեռք բերել աշխատանքի թույլտվություն։ Ոմանք այդպես էլ մնում են որպես անօրինական աշխատուժ, որը մեծացնում է նրանց շահագործելու հավանականությունը։ Ավելին, երբեմն հնդիկները նախընտրում են չդիմել նաեւ օրինական աշխատանքի իրավունք ձեռք բերելու համար, քանզի մերժվելու դեպքում ստիպված են լինելու վերադառնալ Հնդկաստան, որտեղ գտնվում են խիստ աղքատ վիճակում, չունեն աշխատանք, դրան գումարած այն պարտքերը, որոնք կուտակել են Հայաստան հասնելու համար։

«Երբ լսում են, որ հնարավոր է չստացվի իրենց աշխատանքի իրավունքը՝ լաց են լինում, մարդիկ, ահռելի պարտքեր անելով,ՀՀ են հասել, որ գոյատևեն», - «Փաստինֆո»-ին ասել է ռեստորաններից մեկի մենեջեր Արմինե Ավետիսյանը, որը փորձել է 4 հնդիկի համար ձեռք բերել աշխատանքի իրավունք՝ նրանց օրինական աշխատանքի ընդունելու համար, սակայն ստացել մերժում։

Զրուցակցի փոխանցմամբ՝ ռեստորանային ոլորտում, հատկապես մարզերում, խնդրահարույց է դարձել մաքրուհիներ, մաքրողներ, սպասք լվացողներ գտնելը, քանի որ Հայաստանի քաղաքացիները կամ չեն համաձայնվում նման գործ անել, կամ էլ չեն ցանկանում քարտային համակագով վճարվել։

 

«Ես կորցրել եմ հայ աշխատողներիս, նրանց մեծ մասը ծայրը ծայրին հազիվ հասցնող մարդիկ էին ու չէին ուզում քարտային համակարգով վճարվել։ Մեծ մասը հարկադիր պատրավորություններ ուներ, չվճարված պարտքեր ու ծանր աշխատանքով վաստակած գումարը հարկադիր ծառայությունը առգրավում էր ու չէին կարողանում այն ուղղել ընտանիքի կարիքները հոգալու վրա»,- ասաց Արմինեն՝ նշելով, որ իրենք էլ չեն ուզում ունենալ չգրանցված աշխատակիցներ։ Իսկ, երբ փորձել են հնդիկներով լրացնել բացը, որոնք հենց այդ աշխատանքի հույսով են հասել Հայաստան, բախվել են այլ խնդիրների։

Ըստ նրա՝ հնդիկներից շատերին Հայաստան են բերել աշխատելու խոստումներով, բայց թղթերը «կիսատ, պռատ» են ձեւակերպել, որոշ դեպքերում, թերեւս, նաեւ կանխամտածված խաբեության տպավորություն է ստեղծվում։

«Փորձել եմ 4 հնդիկի աշխատանքի ընդունել, մուծել նրանց պետտութքերը, մոտ 400 հազար դրամից մի փոքր ավելի՝ յուրաքանչյուր աշխատակցի համար 105.000 ՀՀ դրամ՝ մեկ տարվա համար, բայց բախվել եմ նոր խնդրի։ Միգրացիոն ծառայություն և սոցապ նախարարություն օնլայն դիմում են լրացրել, իրենք թույլ են տվել, իսկ ԱԱԾ-ն մերժել է», - ասաց Արմինե Ավետիսյանը՝ ավելացնելով, որ իրենց մոտ աշխատել ցանկացող 3 կին և մեկ տղամարդ՝ ազգությամբ հնդիկներ, Հնդկաստանում հավատացել են հնդիկ հայրենակցին, որն ունեցել է Հայաստանում կեցության ու աշխատանքի իրավունք, ու յուրաքանչյուրը նրան վճարել է 1մլն դրամին համարժեք հնդկական ռուփի, իր երկրում ընկնելով պարտքի տակ, հույս ունենալով, որ Հայաստան է գալիս աշխատելու։ Սակայն հայրենակիցը լրացրել է նրանց համար ընդամենը տուրիստական վիզա, որը Հայաստանում աշխատանքի վիզայի վերածելու համար կան պետտուրքեր, բայց պետտուրքը դեռևս չի տալիս երաշխիք, որ ՀՀ ԱԱԾ-ն թույլ կտա նրանց մնալ և աշխատել։

«Որպես գործատու, իմ շահից ելնելով ու նաև մարդկայնորեն խղճալով, երեք կնոջ համար մուծել եմ այդ պետտուրքը, բայց օրերս ԱԱԾ-ից ստացել եմ մերժում՝ առանց հիմնավորման։Ստիպված եմ լինելու 3-ին էլ փոխանցել Հայաստանում Հնդկաստանի դեսպանատուն, որպեսզի խեղճ կանանց հետ ուղարկեն, այս օրերին սպասում եմ նաև ԱԱԾ-ի պատասխանին տղամարդու թույլտվության մասով ու վստահ չեմ, որ նրան էլ չեն մերժի»,- ասել է զրուցակիցը։

Նա հավաստիացրեց, որ խեղճ ու կրակ աղքատ մարդիկ են ու բոլորովին չի հավատում, որ նրանք որևէ իրավական այլ խախտում արած լինեն, որն օգտագործվում է մերժվելու համար։ Պարզապես ՀՀ-ն, իբր, թույլատրել է Հնդկաստանից ժամանող անձանց աշխատել, բայց ընթացակարգը պարզ չէ, բավական բարդություններ կան։ «Առանց այն էլ աղքատ, բայց աշխատունակ անձանց կանգնեցնում են ավելի խորը աղքատության ճիրաններում հայտնվելու խնդրի առաջ, քանի որ մեծ մասը Հայաստան է հասնու պարտքեր անելով, վճարելով ինչ- որ հայրենակցի, որը լիրաժեք չի բացատրում իրավական ճանապարհն ու միայն իր փողի տերն է լինում», - նշել է Արմինե Ավետիսյանը։