ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է. «Դավաճանությունն իր ամենալայն իմաստով ոչ միայն ենթադրում է դավաճանության ակնհայտ գործողություններ, ինչպիսիք են ընկերոջը դավաճանելը, ամուսնական դավաճանությունը կամ պետական դավաճանությունը, այլ նաև ներառում է ավելի «թաքնված» ձևեր, օրինակ, երբ կոլեկտիվը խումբը կամ ժողովուրդը, սեփական անգործության կամ ապատիայի պատճառով հրաժարվում է կատարել իր քաղաքացիական և սոցիալական պարտականությունները, կամ պատմական առաքելությունը:
Այս պնդումը հիմնված է այն գաղափարի վրա, որ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է պահպանել և փոխանցել քաղաքական, մշակութային և պատմական արժեքները ապագա սերունդներին: Պատմական առումով համապարտադիր այս առաքելությանը «չմասնակցելը», ապատիան և անտարբերությունը սեփական երկրի ու նրա ժառանգության ճակատագրի նկատմամբ ներքին դավաճանական դրսևորումներ են, որոնք հետաձգում, կանգնեցնում են ազգի քաղաքացիական, սոցիալական և մշակութային զարգացումը և դրանով իսկ դավաճանում նրա ոգուն:
Դավաճանության այս ձևը, սովորաբար, դրդված չէ անձնական շահ ստանալու ցանկությամբ կամ մահվան վախից, ինչպես դավաճանության դասական օրինակների դեպքում է: Այն հաճախ արմատավորված է ավելի նուրբ և նվազ ակնհայտ խթանների վրա, ինչպիսիք են տեղեկացվածության պակասը լրացնելու ցանկության բացակայությունը, սոցիալական գործընթացներից օտարվածության զգացումը և, շատ դեպքերում նաև՝ մշակութային համատեքստի և պատմական հիշողության հետ կապի կորուստը:
Նման դավաճանությունը ոչ պակաս վտանգավոր է հասարակական օրգանիզմի համար, քան գաղտնի տեղեկատվության փոխանցման կամ դավաճանության ցանկացած ձև, քանի որ այն խարխլում է քաղաքական և սոցիալական համախմբվածության և հոգևոր ու մշակութային շարունակականության հիմնարար հիմքերը։
Սեփական պատմության և մշակութային ավանդույթների նկատմամբ հետաքրքրությունը կորցրած ժողովուրդը դառնում է խոցելի արտաքին սպառնալիքների և ներքին ճգնաժամերի նկատմամբ, քանի որ նրա անդամները զրկված են համայնքի և ինքնության զգացումից:
Եզրակացությունը մեկն է՝ ինքնադավաճանած ժողովուրդն ապրելու իրավունքը վերագտնելու համար պետք է պայքար մղի և ապստամբի ինքն իր դեմ: Սա իրականացնելու համար ազգային առաջնորդության մարտիկներ են հարկավոր, արդյո՞ք կան դրանք...»: