Մանրամասներ՝ փակ քննարկումից. «Ժողովուրդ»


Մանրամասներ՝ փակ քննարկումից. «Ժողովուրդ»
Ապրիլ 10 09:25 2024

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ խորհրդարանում ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնությամբ փակ քննարկում տեղի ունեցավ՝ սահմանազատման եւ սահմանագծման թեմայով: Քննարկմանը մասնակցում էին արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քննարկումը բավականին թեժ է անցել: Նախ, ի սկզբանե, ՔՊ-ականները ջանք չխնայեցին, որ նիստը փակ ֆորմատով անցնի՝ պատճառաբանելով, թե գաղտնի հարցեր են քննարկելու: Ավելին՝ ընդդիմադիր մի քանի պատգամավորների՝ Սեյրան Օհանյանին, Լեւոն Քոչարյանին, Արմեն Գեւորգյանին, Ասպրամ Կրպեյանին, Արման Ղազարյանին, Մհեր Մելքոնյանին, Արմեն Ռուստամյանին, Մհեր Սահակյանին, Արթուր Սարգսյանին թույլ չտվեցին մասնակցել նիստին՝ հիմնավորելով, որ նրանք գաղտնիության թույլտվություն չունեն։ ՔՊ-ից գաղտնիության թուլտվություն չուներ Դավիթ Կարապետյանը, որը նոր է ստանձնել մանդատը: Քննարկմանը իր ակտիվությամբ աչքի է ընկել Արարատ Միրզոյանը, որը ջանասիրաբար պաշտպանել է Փաշինյանի առաջ քաշած հակահայկական թեզերը: Փոխարենը՝ Մհեր Գրիգորյանն է կառուցողական վարքագիծ դրսեւորել, ավելին՝ ընդդիմադիրներին ասել է, որ եթե էլի նման քննարկում նախաձեռնեն, կրկին պատրաստ է մասնակցելու: Թե՛ Միրզոյանի, թե՛ Մհեր Գրիգորյանի պատասխաններից պարզ է դարձել, որ իրականում, անգամ իշխանությունները չգիտեն՝ ի վերջո ինչ է սպասվում, երբ են մեկնարկելու սահմանագծման աշխատանքները, որ թվականի քարտեզներն են որպես իրավական հիմք ընդունվելու:

Քննարկման ժամանակ ընդդիմադիրները մի քանի հարցեր են բարձրացրել առ այն, որ սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքների համար պետք է հիմք վերցնել 1993 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ հաստատված շփման գիծը, եւ որ մինչ սահմանագծումը, նախ պետք է Ադրբեջանին զսպել, ստիպել, որ դադարեցնի սահմանային սադրանքները, այլապես կստացվի, որ Հայաստանը սպառնալիքի ներքո է գնում սահանազատման. սակայն իշխանականներն ակնարկել են, որ, ըստ էության, անզոր են այս հարցում: Բացի այս, ընդդիմադիրները նաեւ նշել են, որ սահմանազատման անվան տակ չեն կարող տարածքներ զիջվել Ադրբեջանին՝ առանց հանրաքվեի: Բարձրացված այս բոլոր հարցերին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանն ու Մհեր Գրիգորյանն անորոշ պատասխաններ են տվել:

Տեղեկացանք նաեւ, որ Միրզոյանին եւ Գրիգորյանին հարցեր են ուղղել «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը, Գեղամ Նազարյանը, Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը, «Պատիվ ունեմ» խմբակցությունից՝ Թագուհի Թովմասյանը եւ Տիգրան Աբրահամյանը: Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները՝ Վահագն Ալեքսանյանը, Սարգիս Խանդանյանը, Մարիա Կարապետյանը, Թագուհի Ղազարյանը, Վլադիմիր Վարդանյանը հարցեր են ուղղել ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանին, որը քննարկման ժամանակ որպես հիմնական զեկուցող էր հանդես գալիս:»

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: