Մենք կառչած չենք մանդատներից, եթե համոզված լինենք, որ մանդատները վայր դնելով մեր հիմնական խնդիրը կլուծվի, միանշանակ կգնանք դրան. Քոչարյան


Մենք կառչած չենք մանդատներից, եթե համոզված լինենք, որ մանդատները վայր դնելով մեր հիմնական խնդիրը կլուծվի, միանշանակ կգնանք դրան. Քոչարյան
Մարտ 22 11:15 2024

Այս իշխանությունները ինչ եկել են, քաղաքական հետապնդման են ենթարկում հորս, ինձ, և այս վերաբերմունքը շատ լավ հայտնի է.  5-րդ ալիքին տված հարցազրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:

«Ես հարց եմ տալիս, ակնկալում եմ պատասխան, բայց արդեն որերորդ դեպքն է, որ պատասխան չեմ ստանում: Ամեն անգամ խոսակցությունը գնում է ուրիշ տեղ, հիշում են նախկին ներկան, արդեն հնացած նույն սկավառակն է սկսում պտտվել: Երեկ էլ նույն շարքից էր, բայց հատկանշական էր այն, որ «կառավարության գլուխ» դիմելաձևից ավելի շատ նեղվեց, քան «Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ» բնորոշումից»,-ասաց նա:

Անդրադառնալով ընդդիմության գործունեությունից դժգոհություններին` Քոչարյանն ասաց. «Իսկ դրա այլընտրանքը որն է: Կա խորհրդարան, որտեղ մենք ընտրություններում չենք ունեցել այն արդյունքը, որ ակնկալում էինք, բայց ունենք այն, ինչ ունենք: «Հայաստան» դաշինքն ունի 29 մանդատ, «Պատիվ ունեմ»-ը ունի 5-6 մանդատ: Սա հարթակ է, որտեղ մենք հնարավորություն ունենք խնդիրներ բարձրաձայնելու, ուղիղ երեսներին հարցերը տալու, այդ հարցերը բարձրացնելու:

Ես լսում եմ քննադատություն, ասում են՝ ո՞ր հարցի պատասխանը չգիտեն, որ հարց են տալիս Նիկոլ Փաշինյանին: Այստեղ խնդիրն այն է, որ դեռեւս մեր երկրում կան մեր շատ հայրենակիցներ, որոնք այլ ձեւ են պատկերացնում, տեսնում են միայն իշխանության քարոզչության կողմից մատուցվող նարատիվները: Մեր խնդիրը մոլորված հայրենակիցների աչքերը բացելն է, մեր տեսակետը ցույց տալը, այն հույսով, որ ի վերջո, կհասկանան՝ ովքեր են այս իշխանություններն իրականում: ԱԺ-ն հարթակ է, որ մենք փորձում ենք օգտագործել:

Մենք կառչած չենք մանդատներից և եթե ունենանք այն համոզմունքը, որ մանդատները վայր դնելով մեր հիմնական խնդիրը կլուծվի, միանշանակ կգնանք դրան: Երբ ասում են՝ մանդատները դնելով ճգնաժամ կլինի՝ այդպես չէ»: