Ժաննա Հայրապետյանը գրում է․
«Այսօր Արման Ծատուրյանը կդառնար 20 տարեկան:
Անասելի ծանր է լինել Եռաբլուրում, հետո գնալ, ուղիղ կանգնել դահլիճում և փորձել հիշատակի խոսք ասել Լավագույն աշակերտիդ մասին:
Բառերն իրենք էլ են կարկամում, անզոր են դառնում Իշխանասարի հերոս- հրետանավորին արժանի բառեր ասել:
Նա իր հրետանու զարկերի արագությամբ ռեկորդ է սահմանել, մասնագետներն են վկայում` չլսված, չտեսնված ռեկորդ:
Նա 1 րոպեում հրետանու 8 արկ է արձակել` ոչնչացնելով բոլոր նշանակետերը` անառիկ պահելով Իշխանասարը։
Մաթեմատիկան իր մեծ սերն էր, տարերքը, նաև գրականություն էր շատ սիրում: Կարդում հատկապես պատմական գրքեր, Գ. Նժդեհ:
Ուզում ես ավելին ասել, պատշաճ պատմել նրա մասին, բայց բառերն էլ են սկսում դողալ սրտիցդ առավել, որովհետև երբեմն բառերը քիչ են, տկար են, խեղճ են, ու էդպես էլ չի ստացվում, որ խոսքդ տեղին լինի, ներդաշնակ` նրա լուսավոր կերպարին:
Սրանք ուսուցչի հերթապահ խոսքեր չեն, Արմանին ճանաչողները գիտեն, որ նա Լավագույնների մեջ լավագույնն էր` բոլոր առումներով:
Միշտ իրեն էի ասում` դու Սասնա ծուռ ես:
Խոնարհումս, իմ քաջ, ազնվական ու ազնիվ տղա»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի հարձակման հետևանքով սեպտեմբերի 14-ին Սյունիքի պաշտպանական մարտերում հերոսի մահով ընկել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Կառավարում» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Արման Վարտանի Ծատուրյանը։ Արման Ծատուրյանը ծնվել է 2003 թ․ հուլիսի 4-ին։ 2021 թվականին ավարտել է Գալուստ Գյուլբենկյանի անվան հ․ 190 ավագ դպրոցը։