Լևոն Ջուլֆալակյան. Մասնակցությունը գերազանց էր. աշխարհի երկու չեմպիոն


Լևոն Ջուլֆալակյան. Մասնակցությունը գերազանց էր. աշխարհի երկու չեմպիոն
Օգոստոս 24 11:13 2017

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Փարիզից վերադարձել Երևան:

Հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը «Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփել է արդյունքները.

«Մասնակցությունը գերազանց էր՝ աշխարհի երկու չեմպիոն: Տղաները լավ մասնակցեցին, արդյունքներից ընդհանուր առմամբ գոհ եմ:

Որոշ քաշային կարգերում բացթողումներ եղան, որոնց վրա պետք է աշխատել: Շատ գոհ եմ Մաքսիմ Մանուկյանից: Նա հինգ գերազանց գոտեմարտ անցկացրեց ու առավելությունը բոլոր մրցակիցների նկատմամբ երևում էր:

Մաքսիմը միշտ հանդես էր գալիս 85 կգ քաշային կարգում և շատ մոտ էր լինում մեդալներին: Որոշեցինք, որ 80 կգ քաշային կարգում նրան փորձելն ավելի ճիշտ կլինի: Ու այդպես էլ եղավ:

Արթուր Շահինյանը լավ մասնակցեց առաջին գոտեմարտում: Նույն հաջողությամբ կարելի է ասել, որ հաջորդն էլ նրանն էր:

Դժգոհ եմ Վարշամ Բորանյանի գոտեմարտից: Նրանից ես մեդալ էի սպասում: Նա արժանի էր և պատրաստ էր: Բայց իմ կարծիքով Վարշամը քաշի կարգավորումը ճիշտ չարեց:

59 կգ քաշային Վազգեն Խաչատրյանը դեռ երիտասարդ է, որին մասնակցության հնարավորություն էր տրվել: Նա աճելու տեղ դեռ շատ ունի:

66 կգ քաշային Կարեն Ասլանյանը լավ մասնակցեց: Բայց ես դժգոհ եմ նրա մարտաոճից, որը տարիներ շարունակ փորձում ենք փոխել: Ցավոք, նա դեռ մանկական մարտաոճի մեջ է: Եթե դրանից ձերբազատվի, հաջողություններ կունենա», - ասել է Լևոն Ջուլֆալակյանը:

Հիշեցնենք մեր ընտրանին երկու ոսկե մեդալ նվաճեց աշխարհի առաջնությունում։ 98 կգ քաշային կարգում հավասարը չունեցավ Արթուր Ալեքսանյանը, իսկ 80 կգ քաշային կարգում աշխարհի ուժեղագույն ըմբիշ ճանաչվեց Մաքսիմ Մանուկյանը: