Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Կանադայի նորանշանակ դեսպանին


Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Կանադայի նորանշանակ դեսպանին
Դեկտեմբեր 8 17:27 2023

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդունել է ՀՀ-ում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Նորին Սրբությունը շնորհավորել է դեսպանին և հաջողություններ մաղթել  նրան իր առաքելության մեջ` նշելով, որ Հայաստանում Կանադայի դեսպանության հիմնումը կնպաստի երկու երկրների բարեկամական հարաբերությունների առավել սերտացմանն ու արգասավորմանը։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետն ի դեմս դեսպանի իր գնահատանքն է հայտնել Կանադայի իշխանություններին Հայոց Ցեղասպանության ճանաչման, դատապարտման, ինչպես և մեր երկրին ու ժողովրդին ցուցաբերած զորակցության համար։

Վեհափառ Հայրապետն անդրադարձ է կատարել  Հայաստանի առջև ծառացած անվտանգային, Արցախից տեղահանված հայորդիների արդար իրավունքների պաշտպանության, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրներին՝ հույս հայտնելով, որ միջազգային հանրության և բարեկամ երկրների գործուն աջակցությամբ մեր ժողովուրդը կկարողանա դուրս գալ ստեղծված ծանր կացությունից։

Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձել է նաև Կանադայի իշխանությունների կողմից հայ համայնքի հանդեպ դրսևորվող հոգատար վերաբերմունքին՝ նկատելով, որ Կանադայի հայ համայնքը կարևոր կամուրջ է երկու երկրների միջև հարաբերությունների զորացման համար:

Նորանշանակ դեսպան Էնդրյու Թըրները, խոսելով Հայաստանում իր առաքելության և  հայ-կանադական համագործակցության խորացման ու զարգացման հեռանկարների մասին, պատրաստակամություն հայտնեց ամեն ջանք ներդնելու՝ ի նպաստ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման, բռնի տեղահանված արցախահայության զորակցության և տարածաշրջանում խաղաղության հաստատման։