Ես կխուսափեմ վերադարձվող գերիների անունները հնչեցնել, քանի որ շատ զգայուն թեմա է, մինչև գերիները չհատեն ՀՀ պետական սահմանը, նաև լրատվամիջոցներին խորհուրդ կտայի չշրջանառել անուններ, որովհետեւ հասկանում եք՝ ինչքան բարդ կարող է սա լինել գերիների հարազատների համար:
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի տարածած համատեղ հայտարարությանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ադրբեջանի նախագահի ու Հայաստանի վարչապետի աշխատակազմերի միջեւ տեղի ունեցած ուղիղ բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ զինծառայողների, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների, այդ թվում մարդասպանին, որը ներխուժել էր ՀՀ տարածք ու սպանել ԶՊՄԿ պահնորդին։ Գերիների վերադարձի պայմանավորվածության մասին հայտնել է ՀՀ կառավարությունը, իսկ Ադրբեջանն էլ հրապարակել է անունները՝ նշելով, որ գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի հանձնվելու։
Խանդանյանի փոխանցմամբ՝ գերիների վերադարձը պետք է տեղի ունենա շատ մոտ ժամանակահատվածում, ժամերի կամ օրերի հարց է։ Նա նաև հայտնեց, որ փոխանակումը տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ։
Խանդանյանը հաստատեց, որ գերիների փոխանակման շրջանակում ադրբեջանական կողմին կփոխանցվի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահնորդին սպանած և ՀՀ-ում ցմահ դատապարտված ադրբեջանցի զինծառայողը։
Բանակցությունները երկկողմ ձևաչափով են եղել, ապա արդյոք սա սկիզբ է դնում երկկողմ ձևաչափով բանակցություններին՝ նա ընդգծեց, որ հարցը վերաբերում է հումանիտար խնդրի և հնարավորություն է առաջացել այդ ձևաչափում այս զգայուն հարցը բանակցել և լուծել։
«Սա շատ կարևոր հարց է, պետք չէ այս հայտարարությունը թերագնահատել, բայց նաև պետք չէ գերագնահատել։ Այն, ինչ Հայաստանը շարունակ ասել է՝ շարունակում է պնդել, այն է՝ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները պետք է տեղի ունենան այն սկզբունքների շուրջ, որոնց կողմերը համաձայնություն են տվել այս հուլիսին՝ եռակողմ հանդիպման ընթացքում»։
Փաստենք, որ Ադրբեջանն անգամ պաշտոնապես հաստատված բոլոր գերիներին չի վերադարձնում, թեեւ Հայաստանը նրան է հանձնում անգամ մարդասպանին։ Պաշտոնապես հաստատված գերիների թիվը 55-ն է, որից միայն 32-ին է Ադրբեջանը վերադարձնում։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում գերեւարված է եւս 80 անձ, որոնց տվյալները Բաքուն դեռ պաշտոնապես չի հաստատել։










