Օրերս ԿԳՄՍ նախարարության հովանավորությամբ Գաֆէսճեան թանգարանում կայացել է գեղարվեստական եւ վավերագրական կինոյի կարկառուն ներկայացուցիչ, սցենարիստ, դերասան եւ գրող Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմեր արա ու լռիր» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել նաեւ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, կինոոլորտի ներկայացուցիչներ, փելեշյանական արվեստի սիրահարներ։
Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով Փելեշյանի գրքին ու հատկապես վերնագրին, ասաց, որ աշխարհահռչակ ռեժիսոր, երաժիշտ Էմիր Կուստուրիցան շատ ավելի հայ է, քան որոշ հայ մտավորականներ, օրինակ` Տիգրան Մանսուրյանը, Արտավազդ Փելեշյանը, Հովհաննես Չեքիջյանը եւ այլք: Զոհրաբյանի կարծիքով` նրանք նախեւառաջ վատ քաղաքացիներ են, որովհետեւ խիստ անտարբեր են եւ անհաղորդ։
«Նախ՝ այդ գրքի շնորհանդեսը գաղտնի է եղել, ես առաջին անգամ եմ նման բան տեսնում, այն էլ` այդ կալիբրի ռեժիսորի հեղինակությամբ: Արտավազդ Փելեշյանը շատ վատ քաղաքացի է, անտարբեր…. նա վատ մտավորական է. Արտավազդ Փելեշյան, Տիգրան Մանսուրյան, Հովհաննես Չեքիջյան․ նրանք մեր վատագույն մտավորականներն են։ Ինչո՞ւ նրանք․ որովհետեւ հենց նրանք են, որ համաշխարհային ճանաչում ունեն: Նրանց ձայնը լսելի կարող էր լինել ողջ աշխարհում, սակայն այդ մարդիկ համարձակություն չունեցան՝ լինելու իրական մտավորական եւ խոսելու Արցախի, մեր զոհերի, հալածվող քաղաքացիական անձանց մասին եւ այլն: Այդ մարդիկ սիրում են պախկվել բոլոր իշխանությունների թիկունքում: Բոլոր իշխանություններն այս մարդկանց համար եղել են ընդունելի ու սիրելի: Մի անգամ չլսեցինք նրանց ձայնը, անգամ այն ժամանակ, երբ տեղի ունեցավ հայ ազգի ամենամեծ աղետը: 100 հազարից ավելի արցախցիներ չցեղասպանվելու համար լքեցին իրենց տունը, եւ այսօր, փաստորեն, Արտավազդ Փելեշյանը գիրք է գրում` «Դու ֆիլմեր արա ու լռիր» վերնագրով։ Նա շատ ճիշտ անուն է ընտրել իր գրքի համար: Այսինքն` նա ընդունում է, որ ինքը լռում է որպես հայ, լռում է որպես մտավորական եւ, ի վերջո, լռում է որպես մարդ: Այդ գրքում, հավանաբար, նա պատմում է, թե ինչպես է ամեն օր խեղդում եւ բռնաբարում իր խիղճը, որ մի տառ անգամ չի ասում այն զինվորների մասին, որոնց գլուխները կտրում են ադրբեջանցիները եւ գնդակի տեղ բանեցնում: Հավանաբար պատմում է, թե ինչպես է իր խիղճը բռնաբարում ֆիլմեր նկարելու արանքում, որ ոչ մի խոսք չի ասում այն մասին, որ մարդիկ չխոշտանգվելու համար իրենց գետն էին նետում, որոնք մի կերպ կարողացել են Հայաստան հասնել` չցեղասպանվելու համար, այն փոքրիկի մասին, որին խոշտանգել էին, սպանել, ձեռքը կտրել ու ձեռքի փոխարեն փայտ էին մտցրել, ու այսպես շարունակ։ Նա շատ ճիշտ վերնագիր է ընտրել իր գրքի համար, բայց չգիտի, որ գալու է այն օրը, երբ իր բոլոր ֆիլմերը մարդիկ վառելու են: Ես հասկանում եմ, որ նաեւ այս ընդդիմության թեթեւ ձեռքով մեր հասարակությունն անտարբեր է դարձել եւ լուռ գնում է դեպի սպանդանոց: Մեր հասարակության ինքնապաշտպանական բնազդն անգամ մահացել է, սակայն վստահ եմ, որ վաղը մարդիկ այս թմբիրից արթնանալու են ու հրապարակներում վառելու են Փելեշյանի ֆիլմերը, Չեքիջյանի դիրիժորական ձողը եւ Տիգրան Մանսուրյանի նոտաները, որովհետեւ, երբ անհրաժեշտություն կար, որ նման լեգենդները խոսք ասեին, մեկն իր՝ Վահագնի թաղամասի առանձնատանը մածուն էր ուտում, մյուսն ԱՄՆ-ում իր ռելաքսն էր վայելում, մյուսն էլ, տանը նստած, լռելու եւ ֆիլմ նկարելու մասին գիրք էր գրում: Ես ամոթ եմ ապրում անգամ, որ սրանք հայ են: Էմիր Կուստուրիցան հայ ժողովրդի համար ավելի շատ բան է արել, քան այս մարդիկ։ Երբ Բոսնիա Հերցեգովինայից մի վիժվածք պատգամավոր` Միլիցա Մարկովիչ անունով, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում բերեց մի խայտառակ հակահայ բանաձեւ, որպես իր հայրենակցի քայլը դատապարտող արարք, Կուստուրիցան, իր բանուգործը թողած, պայքարի էր դուրս եկել, որ հանկարծ այդ բանաձեւը կյանքի չկոչվի: Նա, չլինելով հայ, իր ձայնն էր բարձրացնում ողջ աշխարհի համար, իսկ սրանք, լինելով հայ, տեսնելով, թե ինչպես են իրենց հայրենակիցները բացահայտ մորթվում, խոշտանգվում, տեղահանվում, լռում են ու լռելու մասին գրքեր գրում: Ես ականատես եմ լինելու, թե ինչպես են հրապարակում այրելու Փելեշյանի ֆիլմերն ու գրքերը: Այդ օրը գալու է, թող իրենք շարունակեն լռել ու մածուն ուտել»,- ասում է Զոհրաբյանը:
Իսկ ինչո՞ւ են լռում, ումի՞ց են վախենում, դա նրանց տեսա՞կն է։ «Նրանք վախկոտ մարդիկ են, անտարբեր են, էմպատիայի զգացում չունեն: Դա մարդկային տեսակ է` էգոիստներին բնորոշ տեսակ: Նրանց համար իրենց փոքրիկ կերակրամանից այն կողմ ոչինչ չկա: Ես չեմ կարծում, որ եթե իրենք խոսեին Արցախում ցեղասպանվող հայերի մասին, խոսեին ադրբեջանական վայրագությունների մասին, Նիկոլն իրենց ծեծելու էր, ոչ, ուղղակի դա իրենց տեսակն է: Նրանք փոքր, վախկոտ մարդիկ են, որոնց Աստված շնորհք է տվել: Սովորաբար շնորհալի լինում են ազատ մարդիկ, բայց սրանք օրինաչափությունից դուրս են: Տաղանդավոր մարդիկ սովորաբար լինում են ազատ, ըմբոստ, այլ ոչ թե մանկուրտ, բայց դե սրանք, ունենալով այդ շնորհքը, մնում են փոքր մարդիկ»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը: