Սամվել Բաբայանի հայտարարությունների և հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել


Սամվել Բաբայանի հայտարարությունների և հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել
Հոկտեմբեր 16 09:22 2023

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հնչեցրած հայտարարությունների ու հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել, այս մասին Aysor.am-ին ասացին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Վարույթը նախաձեռնվել է երկու հոդվածներով՝ Քրեական օրենսգրքի 550 հոդվածով՝ «Զինվորական պաշտոնեական անփութությունը», որը սահմանում է՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում հրամանատարի կամ պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը,  ինչպես նաև Քրեական օրենսգրքի 550 հոդվածով՝ «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելը կամ թողնելը», որը սահմանում է՝ առանց մարտի հանգամանքներով հարկադրված լինելու հրամանատարի (պետի) կողմից ամրությունը, մարտական տեխնիկան կամ մարտ վարելու այլ միջոցը հակառակորդին հանձնելը կամ թողնելը։

Դատախազությունցի փոխանցեցին, որ գործով մեղադրյալներ այս պահի դրությամբ չկան:

Սամվել Բաբայանը, հիշեցնենք, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, թե նախկին ու ներկայիս ղեկավարներն են հանձնել Արցախը։

Նա կոչ էր արել Դատախազությանը իր ասածներն ընդունել հայտարարություն հանցագործության մասին և քրեական գործ հարուցել։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցավ առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։
 
Սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: 
 
Այնուհետև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի՝ Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, իսկ, մինչ այդ, կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։