Լաչինի միջանցքի արգելափակումը ռազմական հանցագործություն է. ժամանակն է, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանվեն. ԵԽ պատգամավոր


Լաչինի միջանցքի արգելափակումը ռազմական հանցագործություն է. ժամանակն է, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանվեն. ԵԽ պատգամավոր
Օգոստոս 7 14:30 2023

Եվրախորհրդարանի պատգամավոր Կոստաս Մավրիդեսը Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը մարդասիրական արտակարգ իրավիճակ և Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի բացահայտ խախտում է համարում։

Լեռնային Ղարաբաղի  շուրջ ծավալվող վերջին զարգացումների վերաբերյալ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ Մավրիդեսը նշել է, որ Լաչինի միջանցքի ամբողջական և կամայական շրջափակումը, մասնավորապես՝ շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակչության հիմնական կարիքների համար հումանիտար բեռների մատակարարման խոչընդոտումը, միջազգային իրավունքի համաձայն՝ համարվում է ռազմական հանցագործություն։

«Անցյալ ամիս՝ Եվրախորհրդարանի լիագումար նիստի, ժամանակ ես  երկու հարց ուղղեցի բարձր ներկայացուցիչ Բորելին. Առաջին հարցս հետեւյալն էր՝ Ադրբեջանը էթնիկ զտումներ է կատարում, սա հանցագործությո՞ւն է, թե՞ ոչ։ Իսկ երկրորդը շատ հստակ հարցում էր՝ մինչ այժմ «կատարվող հանցագործությանը» Եվրոպական արձագանքը համաչափ է՞ համարում։ Եվրախորհրդարանն այս հարցում խիստ դիրքորոշում ունի՝ կոչ անելով Ադրբեջանին հարգել համապատասխան որոշումները և անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը։ Չնայած արտաքին քաղաքականության և պատժամիջոցների վերաբերյալ որոշումներն ընդունվում են Եվրոպական խորհրդի մակարդակով, որտեղ մասնակցում են պետությունների և կառավարությունների ղեկավարները, այդուամենայնիվ բարձր ներկայացուցիչը կարող է կարևոր քաղաքական դեր ունենալ», - ասել է Մավրիդեսը։

Նրա խոսքով՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն սկսելու ԵՄ որոշումը նույնպես կարևոր քայլ էր քաղաքական և գործնական առումով։

«Հաշվի առնելով, որ իրավիճակը տեղում վատթարանում է, եւ Ադրբեջանը շարունակում է  Լեռնային Ղարաբաղի բնակչությանը սովի մատնելու քաղաքականությունն ու չի հարգում միջազգային կազմակերպությունների որոշումները՝ ժամանակն է, որ միջազգային հանրությունը և ԵՄ-ն ավելի կտրուկ միջոցներ ձեռնարկեն, օրինակ՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանեն», - ամփոփել է եվրապատգամավորը։