ԱԱԾ պաշտոնյայի դատավոր որդին՝ ԲԴԽ անդամ. 137 դատավոր կողմ է քվեարկել իշխանությունների թեկնածուին


ԱԱԾ պաշտոնյայի դատավոր որդին՝ ԲԴԽ անդամ. 137 դատավոր կողմ է քվեարկել իշխանությունների թեկնածուին
Օգոստոս 4 19:58 2023

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդգար Հովհաննիսյանն ընտրվեց ԲԴԽ անդամ։ Էդգար Հովհաննիսյանը ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի թեկնածուն էր, որին իշխանություններն ամեն կերպ գործուղեցին ԲԴԽ։

Նրա օգտին քվեարկել է ժողովին մասնակցող դատավորներից 137-ը։ Ի դեպ, ԲԴԽ անդամի ընտրության հարցով դատավորների ընդհանուր ժողով հրավիրվել էր հուլիսի 19-ին, սակայն դատավորները դեմ էին քվեարկել օրակարգին, քանի որ դատական դեպարտամենտը ԲԴԽ անդամի ընտրության համար ծանուցել էր բացառապես մարզերի դատարանների դատավորներին, ինչով փաստացի խախտվել է հավասարության սկզբունքը, ինչպես նաև դատավորների՝ ԲԴԽ անդամ ընտրվելու իրավունքը։ նախորդ նիստի տապալումից կարճ ժամանակ անց կրկին ժողով է հրավիրվել՝ առանց օրակարգի փոփոխության։ Նշենք, որ «Փաստինֆո»-ն բազմաթիվ ահազանգեր էր ստացել, որ դատավորներին սպառնացել են՝ պահանջելով, որ վերջիններս ներկայանան, կողմ քվեարկեն Կարեն Անդրեասյանի «սրտի» թեկնածու Էդգար Հովհաննիսյանին, ինչն էլ փաստացի տեղի ունեցավ. 137 դատավոր կողմ է քվեարկել Կարեն Անդրեասյանի թեկնածուին։

Հիշեցնենք, որ Մեսրոպ Մակյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները հունիսի 16-ին դադարեցվել են՝ սեփական դիմումի համաձայն և, ըստ այդմ, ԲԴԽ-ում առաջացել է դատավոր անդամի թափուր տեղ։ Ծանուցումներ չեն ստացել Երևանի քրեական դատարանի դատավորները, ինչն առաջին անգամ չէ։ Ապրիլի 7-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովին ևս Դատական դեպարտամենտը ծանուցագրեր ուղարկել է միայն Սնանկության դատարանի դատավորներին՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ է ԲԴԽ-ում ապահովել նաև Սնանկության դատարանի դատավորների մասնակցությունը։ Ինչպես նախորդ, այնպես էլ՝ այս անգամ ԲԴԽ-ից ստացված պարզաբանման համաձայն՝ անհարժեշտ է ԲԴԽ-ում ապահովել մարզերից դատավորների մասնակցությունը, մինչդեռ ակնհայտ է, որ ԲԴԽ-ն խուսափում է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորների մասնակցությունից, քանի որ Երևանում կան դատավորներ, որոնց կառավարել իշխանություններին չի հաջողվում, և նրանց ԲԴԽ-ում հայտնվելը, մեղմ ասած, խնդրահարույց կլինի Կարեն Անդրեասյանի և իշխանությունների համար։ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդգար Հովհաննիսյանը, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ իշխանությունները ցանկանում են ԲԴԽ-ում ներառել Էդգար Հովհաննիսյանին, որի հայրը ԱԱԾ նախկին պաշտոնյա էր։