Միացյալ Նահանգները տեղյակ է Լաչինի միջանցքի անցակետում Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին․ Պետդեպ


Միացյալ Նահանգները տեղյակ է Լաչինի միջանցքի անցակետում Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին․ Պետդեպ
Օգոստոս 1 09:28 2023

Միացյալ Նահանգները տեղյակ է «Լաչինի միջանցքի անցակետում Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին, ում մարդասիրական միջազգային կազմակերպության ուղեկցությամբ տեղափոխում էին Հայաստան բուժման նպատակով», - հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունն ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը։

Պետքարտուղարությունը հավելել է, որ ընդհանուր առմամբ, «Միացյալ Նահանգները շարունակում է խորապես մտահոգված լինել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների համար շարունակաբար փակ պահելու կապակցությամբ»:

«Մարդասիրական տեղաշարժի դադարեցումն էլ ավելի է վատթարացնում հումանիտար իրավիճակը և խափանում խաղաղ գործընթացի նկատմամբ վստահություն ձևավորելու ջանքերը: Մենք հետևողականորեն պնդում ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանությունը։ Մենք ողջունում ենք երկխոսությունը, որն առաջնոդվում է այս նպատակով», - ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարությունն իր պատասխանում: