Հնարավոր է ճամփորդություն ժամանակի մեջ․ Գյումրու թիվ 1 վարսավիրանոց (ֆոտո)


Հնարավոր է ճամփորդություն ժամանակի մեջ․ Գյումրու թիվ 1 վարսավիրանոց (ֆոտո)
Հունիս 18 17:47 2023

Գյումրու սրտում՝ կենտրոնական հրապարակից ոչ հեռու, գտնվում է Հայաստանի ամենահին վարսավիրանոցը։ Սեւ տուֆից կառուցված հին շենք ու երկու լեզվով կարմիր ցուցանակ՝ «Վարսավիրանոց»։ Մուտքի մոտ կա մի ապակե դուռ, որը բացում է բոլորովին այլ աշխարհ, մեկ քայլ, եւ դուք անցյալում եք՝ ճռռացող հատակ, մաշված աթոռներ եւ անփայլ հայելիներ: Հաճախորդները նախասրահում նստած սպասում են իրենց հերթին։

_DSC1066.jpg (189 KB)

Գլխավոր սրահում խալաթով վարպետները կանգնած են հնաոճ բազկաթոռների հետեւում եւ վարպետորեն աշխատեցնում են մի քանի տասնամյակ հնություն ունեցող գործիքները, ծաղիկներ եւ թութակներով վանդակներ։ Յուրաքանչյուր վարպետի աշխատասեղանի վերեւում ցուցատախտակ է նրա տվյալներով, ինչպես նաեւ հիշարժան լուսանկարներ։

Բարեբախտաբար, 1988թ․-ի երկրաշարժը շենքի վրա չի ազդել, ուստի դեռ խորհրդային տարիներին այնտեղ միայն փոքր վերանորոգումներ են կատարվել, եւ այն ապահով կանգնած է, իսկ վարսավիրանոցն ակտիվ աշխատում է։

_DSC1067.jpg (150 KB)

Վարպետներից մեկը՝ Ափինը, 1989 թվականից՝ 34 տարի աշխատում է վարսավիրանոցում։ Նա մեզ ցույց տվեց սրահը, պատմեց վարսավիրանոցի եւ այստեղ աշխատելու ընթացքում իր հետ պատահած հետաքրքիր պատմությունների մասին։

_DSC1071-1.jpg (186 KB)

«Երիտասարդ տղաներ էինք, երկրաշարժից հետո եկանք, փորձեցինք մեր կյանքը դասավորել, կամաց-կամաց սկսեցինք աշխատել։ Տարիներ են անցել, եւ մենք դեռ այստեղ ենք»: Տարիների ընթացքում շատ բան է տեղի ունեցել՝ աշխատակիցներ են փոխվել, շատ պատմություններ են եղել։

_DSC1073.jpg (152 KB)

Խորհրդային տարիներին բոլոր վարսավիրանոցները համարակալված էին, եւ յուրաքանչյուրն ուներ իր համարը: Թիվ 1 վարսավիրանոցը կառուցվել է 1940 թվականին եւ ընդունել է ավելի քան հարյուր հազար այցելու։ Չնայած այն հանգամանքին, որ վարսավիրանոցում իր գոյության ողջ ընթացքում կոսմետիկ վերանորոգումը կատարվել է մեկ անգամ, շատ բան մնացել է անցյալի ոգով: Գործիքների ու աքսեսուարների մեծ մասը տասնամյակների վաղեմություն ունեն, կահույքն ու ինտերիերի իրերը նույնպես պահպանվել են խորհրդային ժամանակներից, ինչն առանձնահատուկ համ է հաղորդում այդ վայրին։

Նաեւ նախկինում կային տղամարդկանց եւ կանանց վարսահարդարներ, ուստի թիվ 1 վարսավիրանոցն այն վայրերից էր, որտեղ միշտ տիրում է տղամարդկանց զրույցի ու հումորի մթնոլորտը, իսկ սանրվածքը մի ամբողջ ծես էր։ Վարսահարդարներն իրենք եւս հարդարվելու այցելում են բացառապես միմյանց։

_DSC1063.jpg (199 KB)

Գյումրվա հումորը միշտ եղել է վարսավիրանոցի այցեքարտը. հիմնականում դրանք հենց աշխատողների կատակներն էին, որոնք զվարճացնում էին այցելուներին։ Տղամարդիկ գնում էին ոչ միայն վարսահարդարման, այլեւ զվարճալի զրույցներ վարելու ու պատմություններ լսելու՝ անկաշկանդ մթնոլորտում,- ասում է Ափին ու անմիջապես սկսում անեկդոտներ պատմել Գյումրու բարբառով։

«Կար ժամանակ, երբ մի տատիկ գալիս էր թոռան հետ եւ վարսավիրին ասում՝ թոռնիկիս մազերը լավ կտրիր, այսօր նրա ծննդյան օրն է։ Մեկ անգամ ասեց, երկու, երեք եւ նորից կրկնեց վարսավիրը հոգնեց, շրջվեց եւ ասաց նրան. «Եթե քեզ դուր չի գալիս, թող այստեղ, իսկ եթե դուր գա՝ տար»։

«Մազերը կտրելուց հետո այցելուներից մեկն ասում է. «Բակերս վերեւ-ներքեւ են, ծուռ են», իսկ վարսահարդարը նրան պատասխանում է. «Բակերդ չեն, այլ ականջներդ են վեր ու վար»։

_DSC1080.jpg (219 KB)

Ափինի այցելուն եւս միանում է խոսակցությանը եւ նույնպես սկսում է զվարճալի պատմություններ պատմել։ Մի անգամ Ափինը կտրել է նրա հոնքերը եւ ասել․ «հենց հիմա կարող եք լեվի գնալ», իսկ նա պատասխանել է․  «Ես վաղուց ոչ թե լեվի, այլ պռավի չեմ կարողանում գնալ, միայն առաջ»։ Այնուհետեւ ավելացնում է․ «Ինձ համար երիտասարդ վարսավիր եմ ընտրել, որպեսզի հանկարծ նորից չփոխեմ նրան»։ (Ծիծաղում է):

Վարսավիրանոցը 83 տարեկան է եւ ընդունել է տասնյակ հազարավոր այցելուների։ «Դա քաղաքի առաջին վարսավիրանոցն էր, այն էլ հենց կենտրոնում, դրա համար էլ միշտ այդքան հայտնի է եղել»,- կիսվում է Ափինը։

Վարսավիրանոցի ամենահայտնի այցելուներից էին Ֆրունզիկ Մկրտչյանը, Ավետիք Իսահակյանը եւ Հովհաննես Շիրազը։

Վարսավիրանոցի ամենատարեց վարսավիրն այժմ Յուրիկն է, նա այստեղ աշխատում է արդեն 41 տարի։

photo_2023-06-17_13-13-20.jpg (217 KB)

Ափինին հարցնում եմ՝ հնարավո՞ր է վերջում բոլոր աշխատակիցներին խնդրել, որ միասին նկարվեն, եթե ցանկանան։ Նա ինձ պատասխանում է. «Ինչո՞ւ չեն ուզի, ի՞նչ պիտի անեն, եթե չուզեն։ Պղպաղակ կգնենք, ահա այդ ժամանակ այն էլ ինչպես կուզեն» (ծիծաղում է): Լուսանկարի ժամանակ վարպետները կատակներ են փոխանակում միմյանց հետ, իսկ ֆոտոապարատի ձայնից հետո շտապում են վերադառնալ աշխատանքի։

Նախկինում վարպետներն ընդմիջման ժամանակ չէին ունենում, անդադար աշխատում էին։ Այսօր, իհարկե, այցելուներն ավելի քիչ են, բայց մեքենաների ու մկրատի ձայնը մինչ այժմ չեն դադարում։

Թիվ 1 վարսավիրանոցն անցյալի կղզի է՝ պահպանված Գյումրու բանուկ հրապարակի հենց մեջտեղում։ Ժամանակի մեջ ճանապարհորդության մասին երազողները, անշուշտ, կգնահատեն վարսավիրանոցի մթնոլորտը, ավագ սերունդը կկարողանա նոստալգիկ պահեր ապրել, իսկ երիտասարդները կկարողանան սուզվել իրենց պապերի անցած ժամանակների ռոմանտիզմի մթնոլորտում: