Խոստացանք մեր հող ու ջրին, որ նորից վերադառնալու ենք. թշնամուն հանձնվող Ներքին Սուսի 12 ընտանիքները հեռացել են գյուղից


Խոստացանք մեր հող ու ջրին, որ նորից վերադառնալու ենք. թշնամուն հանձնվող Ներքին Սուսի 12 ընտանիքները հեռացել են գյուղից
Օգոստոս 21 20:07 2022

Ադրբեջանի վերահսկողությանը հանձնվող  Արցախի Քաշաթաղի շրջանի Ներքին Սուս գյուղում բնակվող 12 ընտանիքներն արդեն հեռացել են, մնացել է մեկ բնակիչ, նա եւս օրերս կհեռանա գյուղից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նեքին Սուսի գյուղապետ Մխիթար Ներսիսյանը:

«Պատերազմից հետո գյուղում ապրում էր 12 ընտանիք, նրանք հիմնականում ցանկություն  են հայտնել տեղափոխվել Հայաստանի տարբեր շրջաններ, միայն մեկ ընտանիք է, որ ցանկանում է Արցախում վերաբնակություն հաստատել: Գյուղում այս պահին էլեկտրաէներգիա չկա, կապ չկա, ամեն ինչ ապամոնտաժվել է»,- ասաց նա:

Գյուղապետը նշեց, որ բնակիչները նաեւ տեղափոխել են իրենց հարազատների աճյունները գերեզմաններից:

«2020 թվականի պատերազմից հետո մտածում էինք, հույս ունեինք, որ Սուս, Բերձոր եւ Աղավնո համայնքները կմնան որպես միջանցք, հույս ունեինք, որ նորից Սուսի բնակիչները կվերադառնան, կապրեն, սակայն իրադարձություններն այլ կերպ զարգացան: Այս երկու տարվա մեջ վերքերը դեռ չսպիացած նորից ցավացրեցին ժողովրդին, բնակիչները շատ տխուր են, նեղված: Օգոստոսի 20-ին ես մեր համայնքի  Զորավարների պուրակում մոմավառություն էի կազմակերպել, որտեղ մենք խոստացանք մեր հող ու ջրին, որ նորից հետ ենք վերադառնալու, մենք հրաժեշտ չտվեցինք մեր հող ու ջրին: Ամեն դեպքում հնարավոր է, այդ հույսը կա, որ ինչ-որ ժամանակ կգա, որ մենք մեր հողը կազատագրենք»,- ասաց նա:

Համայնքապետը նշեց, որ գյուղացիները սկզբում որոշել էին տները այրել, հետո մտափոխվել են, քանի որ իրենց ծանր աշխատանքով են ստեղծել, միայն այրվել են գյուղին հարակից խոտհարքները:

Նշենք, որ պատերազմից առաջ գյուղում բնակվել է 49 ընտանիք, որոնք Ներքին Սուսում բնակություն էին հաստատել ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի տարբեր շրջաններից:

Հիշեցնենք, որ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի եւ Բերձորի բնակիչներին տեղեկացրել է, որ մինչեւ օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց տները։  Բնակչության հիմնական մասն արդեն հեռացել է բնակավայրերից: