Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը 99 տոկոսով համոզված է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչական ակտ չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:
Հարցին՝ այս պահին կարող են ասել, թե ինչի հետևանքով է եղել պայթունը, ԱԻ նախարարն ասաց, որ տարբեր տեսակետներ կան, որի գնահատականը պետք է տան իրավապահ մարմինները։
«Պայթյունի պահը դիտելով՝ ակնհայտ է դառնում, որ այդտեղ չի կարող խոսք լինել տեռորիստական ակտի մասին, որովհետև նախ տեղի է ունենում որոշակի այրում, ծխագոյացում, այնուհետև պայթյուն: Այսինքն ինչ-որ չափաբաժին կրակ է եղել, այնուհետև տարածվել է պայթուցիկ նյութերի վրա: Սա, ըստ արտակարգ իրավիճակների նախարարության 99 տոկոսանոց ճշմարտություն է»,- ասել է Փամբուխչյանը:
Արմեն Փամբուխչյանը նշել, որ իրականում կա շենքի փլուզման վտանգ, հիմա իրականացնում են սյուների վնասազերծում, քանի որ դրանք ևս վտանգ են ներկայացնում փրկարարական աշխատանքներ իրականացնող մարդկանց համար։
«Սյուները պետք է վնասազերծենք, փլատակում հայտնված քաղաքացիների հավանական վայրը հենց այնտեղ է նշմարվում»,-նշել է նախարարը։
ԱԻ նախարարի խոսքով՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթունից հետո որոնողակափրկարարական աշխատանքները շարունակվում են, տեխնիկայի համալրում կլինի, սակայն, ըստ նրա՝ տարածությունը թույլ չի տալիս շատ տեխնիկա կիրառել՝ հաշվի առնելով, որ փլատակների տակ կան մարդիկ։
Արմեն Փամբուխչյանը նշել է, որ զոհվածների, անհետ կորածների շրջանում կան և՛ այցելուներ, և՛ առևտրի կենտրոնի աշխատակիցներ։










