Երեւանում հնարավոր ահաբեկչության մասին ահազանգերը չեն հաստատվել. պայթուցիկներ չեն հայտնաբերվել:
«ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի կողմից Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել․ մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է», - «Փաստինֆո»-ի հաղորդմամբ` հայտնում է ԱԻՆ-ը:
Ինչպես արդեն հայտնել ենք` օգոստոսի 14-ին, ժամը 16։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հերթական անգամ տեղեկություն է ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը։
Բնակչության անվտանգությունից ելնելով՝ նշված տարածքներից բնակչությունը տարահանվել էր:










