Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով հետաձգել ԲԴԽ նախագահի ընտրությունը


Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով հետաձգել ԲԴԽ նախագահի ընտրությունը
Հուլիս 4 07:42 2022

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով հետաձգել ԲԴԽ նախագահի ընտրությունը։ Միջնորդությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էՌուբեն Վարդազարյանը, որի լիազորությունները ԲԴԽ որոշմամբ դադարեցվել են՝ հունիսի 23-ին հրապարակված որոշմամբ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվել են՝ Գրիգոր Բեքմեզյանի, Լիպարիտ Մելիքջանյանի, Դավիթ Խաչատուրյանի նախաձեռնությամբ հարուցված կարգապահական վարույթի հիման վրա։ Ընդ որում, ԲԴԽ-ն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը քննել է՝ առանց Վարդազարյանի և նրա ներկայացուցիչ Արամ Օրբելյանի մասնակցության, թեև Արամ Օրբելյանը նախապես տեղեկացրել էր, որ Սունիքի մարզում նախապես նշանակված դատական նիստեր կան և միջնորդել էր հետաձգել այն, իսկ Ռուբեն Վարդազարյանը, ինչպես պարզվեց հետագայում, առողջական խնդիրներ է ունեցել։

 

Բացի այդ՝ հունիսի 20-ին հրավիրած ասուլիսում Ռ.Վարդազարյանը աղմկահարույց ձայնագրություն է հրապարակել, որի համաձայն՝ Վարդազարյանին վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական տալ, իսկ Ջհանգիրյանն էլ ստանձնել է միջնորդի դեր՝ երաշխավորելով, որ նրա նկատմամբ հետապնդումներ չեն իրականացվի, եթե հրաժարական ներկայացնի։ Ջհանգիրյանը հանրայինի եթերում՝ խոստովանել է, որ բանակցություններ վարել է Վարդազարյանի հետ՝ հրաժարական տալու համար։ Ավելին, հայտարարել է, ԲԴԽ նախագահին հրաժարական պարտադրելն այնքան էլ հեշտ գործ չէ ու ինքը նրա նկատմամբ հոգեբանական հնարքներ է կիրառել, «կուտ» տվել։

Աղմկահարույց ձայնագրության հրապարակումից և առավել անհասկանալի մեղայական-հարցազրույցից երկու օր անց հայտարարվեց, թե Գագիկ Ջհանգիրյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, ինչից հետո Ջհանգիրյանը տեղափոխվել է հիվանդանոց և ենթարկվել վիրահատության։ Ակնառու էր, որ Ջհանգիրյանը առողջական խնդիրների քողի ներքո պատրաստվում է հրաժարական տալ, իսկ հուլիսի 1-ին արդեն պաշտոնապես հաստատվեց՝ Ջհանգիրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Նույն օրը՝ հուլիսի 1-ին Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը բողոքարկել է Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելու որոշումը, միևնույն ժամանակ, միջնորդություն ներկայացրել՝ պահանջելով հետաձգել ԲԴԽ նախագահի ընտրության հարցը։

Նշենք, որ օրենքով սահմանված կարգով՝ ԲԴԽ նախագահի լիազորությունների դադարեցումից հետո 10-օրյա ժամկետում ԲԴԽ-ն պետք է նոր նախագահ ընտրի և, ըստ այդմ, Խորհրդի նախագահի ընտրությունը նախատեսված է այսօր։