Ժամկետայիններին մարտական հերթապահությունից հանելը ռիսկային է


Ժամկետայիններին մարտական հերթապահությունից հանելը ռիսկային է
Հուլիս 3 11:53 2022

Հունիսի 13-ից մեկնարկել է 2022թ.-ի ամառային զորակոչը։ Ժամկետային զինծառայողներն աստիճանաբար ազատվելու են մարտական հերթափոխերում ընդգրկվելուց։ Նրանց փոխարինելու են պայմանագրայինները: Այս մասին ավելի վաղ լրագրողներին հայտնել էր ԶՈՒ գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանը։ 

ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը Radar Armenia-ի հետ զրույցում այս որոշումը հակասական է համարել. «Լավ որոշում է, ունկնհաճո և հետաքրքիր, բայց մեզ նման պետության համար ժամկետայիններին ընդհանրապես մարտական հերթապահությունից հանելը ռիսկեր է առաջացնում։ Եթե միայն պայմանագրայինները մարտական հերթապահություն իրականացնեն, մոբոլիզացիոն ռեսուրս ու՞մից ենք հավաքելու, եթե պատերազմ եղավ»։

Ըստ Հովհաննիսյանի՝ հանրությունը սիրողական վերաբերմունք ունի այդ պրոցեսի նկատմամբ. «Ժամկետայիններին ռիսկերից ազատելն, ընդհանուր առմամբ, վատ չէ, որոշ ռիսկերից պետք է ազատել, բա դա չի նշանակում, որ ընդհանրապես մարտական ծառայություն չպետք է իրականացնեն, դա աբսուրդ է»։  

Խոսելով ԶՈՒ բարեփոխումների մասին՝ Հովհաննիսյանը նշել է, թե գործընթացները նկատելի են։ Ըստ նրա՝ ժամկետային զինծառայողներին և հատկապես նորակոչիկներին ուժեղ, հագեցած և բովանդակային մարտական պատրաստություն տալ է պետք և հետո նոր՝ ընդգրկել մարտական հերթապահության մեջ. «Ընդհանրապես, ուսումնական պարապմունքները և մարտական պատրաստության դասընթացները, որոնք նախկինում անում էինք 5-6 ամիս, հաճախ էֆեկտիվ չէին, որովհետև մարտական պատրաստության եղանակները, բովանդակությունը, ցերեկային և գիշերային պարապմունքների հարաբերակցությունը, կրակային վարժաձևերը խորքային փոփոխության կարիք ունեն»։ 

Նրա խոսքով՝ փոփոխություններ են անհրաժեշտ նաև զորատեսակների ներքին կառուցվածքում, ինչպես նաև՝ աշխատանքներ են անհրաժեշտ այլ զորատեսակների ստեղծման ուղղությամբ։