Ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել են խորհրդարանում զբաղեցրած իրենց պաշտոններից. Թագուհի Թովմասյանը դեռ լռում է


Ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել են խորհրդարանում զբաղեցրած իրենց պաշտոններից. Թագուհի Թովմասյանը դեռ լռում է
Հուլիս 1 14:08 2022

Ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել են խորհրդարանում զբաղեցրած իրենց պաշտոններից։ Փաստացի, այս պահին միայն ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Թագուհի Թովմասյանն է դեռևս շարունակում մնալ իր պաշտոնին:

ՔՊ-ն այսօր արտահերթ նիստով պաշտոնից հեռացրեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին, ինչից հետո սկսվեց ընդդիմադիր պատգամավորների ինքնակամ հրաժարականների շքերթը։

 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հրաժարական է տվել ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի նախագահի պաշտոնից, Թադևոս Ավետիսյանը՝ ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից, Արթուր Խաչատրյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից,իսկ Հայկ Մամիջանյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից:

Այսպիսով, այս պահի դրությամբ ընդդիմադիր պատգամավորները, բացի Թագուհի Թովմասյանից, հրաժարվել են իրենց պաշտոններից, իսկ Թագուհի Թովմասյանը դեռ լռում է և չի շտապում դիրքորոշում հայտնել: Առայժմ չի հաջողվել նրա հետ կապ հաստատել. Հեռախոսազանգերը մնում են անպատասխան։

Հիշեցնենք նաև, որ իշխաղ ՔՊ խմբակցությունը դեռևս ամիսներ առաջ հրաժարվեց Արթուր Ղազինյանին ընտրել ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում:

Ընդգծենք, որ ԱԺ երրորդ փոխնախագահի, հանձնաժողովի նախագահի և փոխնախագահի պաշտոններն ընդդիմության են հատկացվել՝ համաձայն Դոնթի բանաձևի: