Եվրոպացիներին չի հետաքրքրում Արցախի ու Սյունիքի պատկանելությունը, իսկ հայաստանի իշխանությունների՞ն


Եվրոպացիներին չի հետաքրքրում Արցախի ու Սյունիքի պատկանելությունը, իսկ հայաստանի իշխանությունների՞ն
Հունիս 22 17:34 2022

Եվրամիության տնտեսապես առավել ազդեցիկ երկրների` Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Իտալիայի առաջնորդները ժամանել են Կիեւ եւ հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Արեւմտյան մամուլը գրում է, որ Մակրոնը, Շոլցը, Դրագին փորձել են Զելենսկուն համոզել Ռուսաստանի նախագահի հետ բանակցելու եւ խաղաղության հաստատման անհրաժեշտության կարեւորությունը: Խաղաղության եվրոպական պատկերացումն այն է, որ Ուկրաինան հանուն խաղաղության պետք է համակերպվի տարածքային զիջումների հետ եւ ընդունի առկա իրողությունները: Ուկրաինացիները չեն կարող համաձայնել նման խաղաղության հետ, քանի որ դա նշանակում է երկրի տարածքի մոտ 25 տոկոսի կորուստ:

 

Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի ու աշխարհի բազմաթիվ այլ երկրների առաջնորդներին չի հետաքրքրում, թե ում է պատկանում Խերսոնը, Զապորոժիեն, Դոնեցկն ու Լուգանսկը: Նրանց հետաքրքրում է, որ իրենց երկրներում թանկանում են բենզինն ու դիզվառելիքը, էլեկտրաէներգիան եւ առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքները: ԵՄ երկրների ղեկավարներին հետաքրքրում է իրենց ազգային տնտեսությունների մրցունակության անկումը: Էներգետիկ ճգնաժամի պատճառով եվրոպական արդյունաբերությունը դառնում է ոչ մրցունակ ամերիկյան եւ չինական ապրանքների նկատմամբ, որոնք ոչ միայն չեն տուժում այս պատերազմից, այլեւ մի բան էլ օգտվում են: Ամերիկան էներգետիկ առումով ինքնաբավ է, իսկ Չինաստանը, օգտվելով պատերազմի պատճառով Ռուսաստանի նկատմամբ սահմանված արեւմտյան պատժամիջոցներից, ռուսական նավթն ու գազը գնում է զգալի զեղչերով:

 

 

Ոչ առաջին դեմքերի մակարդակով, բայց վերջին շրջանում առավել ինտենսիվ, Հայաստան են այցելում Եվրամիության բազմաթիվ պաշտոնյաներ: Մեզ հայտնի չէ, թե ինչ են խոսում նրանք Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հետ: Բայց մի բան հաստատ է. ԵՄ երկրների համար որեւէ նշանակություն չունի, թե ում է պատկանում Արցախը կամ Սյունիքը, Հայաստանը սուվերենություն կունենա՞ Սյունիքով անցնող ճանապարհների վրա, թե՞ դա կզիջի Ադրբեջանին: Այդ երկրներին հուզում է միայն իրենց տնտեսական շահը: Նրանց միակ մտահոգությունը ԵՄ էներգետիկ շուկան դիվերսիֆիկացնելն է, ռուսական էներգակիրներից կախվածությունը թուլացնելը: Նրանք ուզում են, որ Հայաստանը եւ Ադրբեջանը հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքեն, որ հնարավորինս շուտ իրենք կարողանան թուրքմենական գազը եւ ղազախական նավթը՝ Ռուսաստանը շրջանցող ճանապարհներով, հասցնել Եվրոպա: Ալիեւը հասկանում է ԵՄ երկրների շտապողականությունը եւ ավելի է կոշտացնում իր դիրքորոշումը՝ պահանջելով, որ ԵՄ չինովնիկները մեծացնեն ճնշումը Հայաստանի վրա, համոզեն, որ Հայաստանը հրաժարվի Սյունիքի միջանցքի նկատմամբ ունեցած սուվերենությունից:

 

Եվրոպացիներին չես մեղադրի. նրանք մտածում են իրենց երկրների անվտանգության, իրենց ժողովուրդների բարեկեցության մասին: Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի առաջնորդները մտածում եւ գործում են որպես պետական գործիչներ, որոնց խնդիրն է՝ թույլ չտալ, որ իրենց երկրների ազգային եւ միացյալ Եվրոպայի ընդհանրական տնտեսությունը կուլ գնա ամերիկյանին կամ չինականին: Իրենց ընտրել են հենց դրա համար, որ ոչ թե մտածեն Ուկրաինայի կամ Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, պայքարեն Խերսոնի, Զապորոժիեի, Արցախի ու Սյունիքի պատկանելության համար:

 

 

Սարսափելին այն է, որ Հայաստանի իշխանության ամենաբարձրաստիճան պաշտոնյաները չեն առաջնորդվում իրենց ղեկավարած երկրի ազգային ու պետական շահերով: Ալիեւը Հայաստանին պատերազմով է սպառնում ու կասկածի տակ դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ծպտուն չի հանում այդ թեմայով ու կառավարության ամբողջ մի նիստ նվիրում է մարզիկների ամենամսյա վճարներին, կարծես Հայաստանի թիվ մեկ խնդիրն այդ վճարներն են: Հանրայինի ուղիղ եթերով հերթով ու մանրամասն թվարկում է, թե միջազգային տարբեր մրցույթներում հաջողության հասած որ մարզիկն ինչքան գումար կստանա՝ դա ներկայացնելով որպես իր կառավարության ամենակարեւոր ձեռքբերումը, ոչ մի խոսք չասելով այն մասին, թե ինչպես է պատրաստվում պաշտպանել այդ մարզիկների ու բոլորիս հայրենիքը:

 

Ամենազարհուրելին այն է, որ Փաշինյանին էլ կարծես չի հետաքրքրում Արցախի ու Սյունիքի պատկանելության հարցը: Որովհետեւ դրա համար պետք է պայքարել, պետք է նույնիսկ պատրաստ լինել հակահարված տալու: Բայց Փաշինյանն արդեն սովորել է զիջելուն, կորստի հետ համակերպվելուն, այդ կորուստների համար բացատրություններ գտնելուն: Միակ բանը, որ նա պատրաստ չէ զիջել՝ իշխանությունն է, թեկուզ ընդամենը մայրաքաղաք Երեւանում պահպանվի: Համաշխարհային պատմության մեջ նման դեպքեր եղել են, երբ հսկայական կայսրությունը վերջում վերածվել է քաղաք-պետության, ու վերջում կործանվել է նաեւ այդ քաղաքը: Բյուզանդական հսկայածավալ կայսրությունից 15-րդ դարի կեսին մնացել էր ընդամենը մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը: Թուրքերը հերթով գրավեցին բյուզանդական մարզերն ու քաղաքները եւ, ի վերջո, 1453 թվականին գրավեցին նաեւ Կոստանդնուպոլիսը՝ այն վերածելով Ստամբուլի: 

 

Նիկոլ Փաշինյանը, որ 44-օրյա պատերազմի օրերին եվրոպացիներին պատմություն էր սովորեցնում եւ սպառնում, որ եթե ԵՄ երկրները չօգնեն մեզ՝ կանգնեցնելու թուրք-ադրբեջանական հաղթարշավը, մի օր կարող են թուրքական բանակներ հայտնաբերել Վիեննայի պատերի տակ, լավ կանի, որ մի քիչ էլ ինքը պատմություն սովորի:

 

Ավետիս Բաբաջանյան 

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/abab0f4fc1711696ac5d63eec5057204

 

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»