Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված իրերի, մասնավորապես՝ հեռադիտակի մակերեսից և ուսակապիչից, կարմիր գույնի ձեռնոցներից անջատված ԴՆԹ-ները համընկնում են Գ.Հ.-ին բնորոշ գենետիկական բնութագրին։
Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։
Սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանն ու քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն էր: Վիրավորում էր ստացել նրանց հետ գտնվող երրորդ անձը՝ Արծրուն Գալստյանը:
Ողբերգական այս միջադեպը կապ ունի փետրվարին տեղի ունեցած սպանության հետ։ Փետրվարին Մերձավանի նախկին համայնքապետի՝ ՔՊ-ական Մհեր Ախտոյանի տան մոտ սպանվել էր նրա ազգականը՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, որը Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությանն օժանդակելու համար մեղադրվող Նարեկ Օհանյանի եղբայրն է:
Փարաքարի համայնքապետի և նրա ընկերոջ սպանության գործով կալանավորված են Մերձավանի բնակիչներ Նարեկ Օհանյանն ու Գևորգ Հարությունյանը: Հարությունյանը, ով կատարել է սպանությունները, ըստ լրատվամիջոցների, Օհանյան եղբայրների ընկերն է։