Թուրքիան և Ադրբեջանն իրար կապող Գողթն գավառի արյունալի դեպքերի ու վայրագությունների մասին


Թուրքիան և Ադրբեջանն իրար կապող Գողթն գավառի արյունալի դեպքերի ու վայրագությունների մասին
Մայիս 29 11:19 2022

 

1918-1919 թվականների բարդ շրջանում թուրքերն ու նոր կազմավորված Ադրբեջան արհեստածին պետությունը փորձում էին իրականացնել իրենց  ոճրագործ գործողությունները։ Արդեն իսկ 1918 թվականի հուլիսի 25-ին, երբ Բաթումի դաշնագրից հետո թուրքերը եկան Նախիջևան, նրանք սկսեցին իրագործել Գողթն գավառի գրավումը։ Նրանց առաջին գործը եղավ Ագուլիսը գրավելը։ Գողթն գավառը տարածքով համապատասխանում  էր  Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի և, մասամբ էլ, Գանձակի շրջաններին։ Գողթն գավառը հանդիսանում էր Թուրքիան և Ադրբեջանն իրար կապող օղակ։ Օգոստոսի 8–ին շրջանի զինվորական կառավարիչ նշանակվեց Խալիլ բեյը, և առաջին գործը եղավ, որ նա կոչով դիմի հայերին և նշի, որ հայերը հպատակվելու համար պետք է հանձնեն զենքերը։

 

1919 թվականի գարնանը Գողթն գավառն արյունալի ճանապարհով պոկվեց Հայաստանից։ Այդ իրադարձությունների մասին իրենց դիմումում մանրամասն ներկայացնում են Ա. Մելիք-Մուսյանը, Մ. Գյուլնազարյանը։ Նրանք իրենց դիմումն ուղղել էին մի շարք կառույցների, այդ թվում՝ նաև Հայաստանի խորհրդարանին և կառավարությանը։ Օգոստոսի երեքին գրված դիմումի մեջ մասնավորապես ասվում էր.

«Նախիջևանն ընկավ. Շրջանի հայության բավական խոշոր մասը սրի է քաշված, Արաքսի մեջ նկատված են մեծ թվով դիակներ։ Նախիջևանի մեր զորքերը, ըստ թուրքական լուրերի, կոտորածից ազատված հայության մնացորդների հետ նահանջել են դեպի Դարալագյուղ։ Նույն աղբյուրներից իմանում ենք, որ Նեհրամում հազարից ավելի հայ գերյալներ կան։ Ջուլֆայում ու Ջուղայում խոշոր դեպքեր տեղի չեն ունեցել, ժողովրդի մեծագույն մասը և մեր փոքրաթիվ զորքը անցել են Պարսկաստան։ Ազա և Դեր գյուղերը անվնաս գաղթեցին Ցղնա։ Երնջակի ձորում, ականատեսների պատմելով, տեղի են ունեցել սոսկալի կոտորածներ։ Ղազանչիից ազատվել և Գողթն են ապավինել մոտ 500 հոգի։ Մի օր տևող կռիվներից հետո Գյազը, Փորադաշտը և Շուռութը շատ քիչ զոհեր տալով` քաշվել են Գողթն։

Հուլիսի 25-ից Գողթնում ուժեղ կռիվներ են տեղի ունեցել։ Վերին գյուղերում (Փառակա-Բիստ) հաջողություններն առայժմ մերոնց կողմն են։ Տանակերտը 8 օր է պաշարման վիճակի մեջ է. այստեղ տեղի են ունենում դիրքային անընդհատ կռիվներ։ Պաշարված կարելի է համարել Վերին և Ներքին Ագուլիսները։ Թուրքերը խոշոր պատրաստություններ են տեսնում մաքրելու Գողթնը հայությունից։ Ժողովուրդը աննկարագրելի նեղության մեջ է հացի կողմից։ Արտաքին աշխարհից կտրված ենք բառի ամենալայն իմաստով։ Մի քանի անգամներ սուրհանդակներ ենք ուղարկել Գենուազ օգնություն և լուր ստանալու համար, բայց մինչև օրս չեն վերադարձել։ Գողթնը լքված իր հարազատներից և կտրված արտաքին աշխարհից, իր անելիքների մասին ճիշտ հաշիվ տալ իրեն չի կարող։ Ապավինել թուրքերի ողորմածությանը` ներկա հանգամանքներում անհնարին է։ Ի սեր Աստծո, ցույց տվեք մեզ փրկության ճանապարհ։ Սեփական միջոցներով ամենաշատը 10-15 օր ևս հազիվ կարողանանք պահպանել ներկա դրությունը։ Սարսափելի չէ մահը… երկրորդ տարին է, որ մենք արդեն հաշտվել ենք այդ մտքի հետ։ Գողթնը կմեռնի հերոսի մահով, սակայն թո՛ղ ամբողջ աշխարհը իմանա, որ այս անգամ մեզ մահվան դուռ հասցնողը Երևանի մեր կառավարությունն է։ Փրկված է Գողթնը, եթե մոտ օրերում 400 սրտացավ զինվոր մեզ օգնության հասնի»։ (Հատվածը վերցված է Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» գրքից։ Երևան, 1993 թվական, էջ 356-357):

Չնայած Երևանի ծանր դրությանը, կազմվեց զորամաս, և զորքը հոկտեմբերի 2-ին հասավ Գողթն։ Գողթնի հայկական մի շարք գյուղերի բնակչությունը կոտորվել էր։ Ամբողջ դեկտեմբեր ամսվա ընթացքում  զինված թուրքերը մի քանի անգամ հարձակումներ ու կոտորածներ իրականացրեցին գավառում։ Սարսափելի էր, մասնավորապես, Ագուլիսի կոտորածներն ու վայրագությունները, որի մասին կխոսենք հաջորդիվ։ Արդյունքում Վերին Ագուլիսում և Ագուլիսում կոտորվեց մոտ 1400 մարդ։ Հայերը բողոքներ ու հեռագրեր ուղարկեցին դաշնակիցներին, ինչպես նաև գնդապետ Հասկելին, սակայն այդ ամենը ոչ մի արդյունք չտվեց։ Դաշնակիցներն ու մյուսները շտապեցին միայն ցավակցություններ հայտնել, գործողությունները դադարեցնելու կոչերով հանդես գալ, ինչպես նաև նշել, որ պետք է զերծ մնալ հարցերը զինված մեթոդով լուծելուց։

Այս ամենը մեծ զայրույթ առաջացրեց, և արդեն իսկ դեկտեմբերի 27-ին հայերը Ագուլիսում տեղի ունեցած վայրագությունների համար վրեժխնդիր եղան թուրք-թաթարական հրոսակներից։ Հայերն անընդհատ հարձակումներ էին գործում, և այս ամենը նույնիսկ մեծ վախ առաջացրեց թուրքական հրոսակների մոտ։

Սա պատմական ևս մեկ փաստ է, որը հերթական անգամ ցույց է տալիս, որ թուրք-ադրբեջանական, ինչպես նաև այս երկրների հովանավորյալ գերտերությունների ծրագրերը երբեք չեն փոխվում։ Չեն փոխվում նաև Հայաստանի նկատմամբ նրանց աշխարհագրական ցանկություններն ու ծրագրերի իրականացման մեթոդները։ Ցավալիորեն չենք փոխվում նաև մենք։ Պարզապես պետք է գոնե մեր պատմությունը կարդալ, իմանալ, դասեր քաղել և լինել գիտակից։

Զ. Շուշեցի

168.am