«Մալաթիա» տոնավաճառին կից տարածքում հրդեհված սոսնձի պահեստից բացի հրդեհվել է նաև հարևանությամբ գտնվող հեռախոսների խանութը, իսկ ամենալուրջ բռնկումը եղել է սոսնձի պահեստում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը։
«Տոնավաճառի տարածքը չի այրվել, կողքն առանձին կոշիկի արտադրամաս կա, դա է։ Նաև հեռախոսների խանութ էր այրվել, էլի կողքի տարածքից։ Այլ սեփականատիրոջ է պատկանում այդ տարածքը»,- ասաց վարչական շրջանի ղեկավարը։
Հիշեցնենք, որ ՆԳՆ փրկարար ծառայունից հայտնել էին, որ երեկ ժամը 14;01-ի դրությամբ ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա տոնավաճառում 1000 քմ պահեստային տարածքում հրդեհ է բռնկվել։ Հայտարարվել էր հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ, ապա՝ «Թիվ 3»։
Ինչ վերաբերում է հակահրդեհային համակարգի գործելուն, ապա Մխիթարյանը հայտնեց, որ այն գործել է հենց տոնավաճառում, ինչից հետո տեղի աշխատակիցներն օգնել են մարել կրակը, մինչ հրշեջների ժամանելը։
«Հակահրդեհային համակարգը գործել է, ազդանշաններ են միացել, տոնավաճառի աշխատակիցները միանգամից կազմակերպված օգնել են մարել կրակը, մինչև հրշեջները հասնեն։ Մոտավոր 10 հրշեջ հաշվարկ է եկել և շատ արագ մարել են կրակը, որովհետև այդտեղ սոսնձի պահեստ կա։ Ամենալուրջ բռնկումը այդտեղ էր եղել»,- հայտնել է Մխիթարյանը։
Վնասի չափի մասին հստակ որևէ բան վարչական շրջանի ղեկավարը չկարողացավ ասել, քանի որ հրշեջները դեռևս եզրակացություն չեն տվել։
Ինչ վերաբերում է հակահրդեհային համակարգ տեղադրելուն, ապա Մխիթարյանն ասաց, որ հրդեհված տարածքում զրոյից պետք է շինարարություն իրականացվի, ինչից հետո թաղապետարանի վերահսկողությամբ սեփականատերը հակահրդեհային համակարգ կտեղադրի։
Վարչական շրջանի ղեկավարը նաև հայտնեց, որ զոհեր չեն եղել, մեկ հոգի ստացել է թեթևակի վիրավորում, սակայն հրաժարվել է բուժօգնությունից, կյանքին վտանգ չի սպառնում։










