Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փափազյան 21 շենքի բակում կրակոց է հնչել և կա վիրավոր։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Մինչ կժամանեին համայնքային ոստիկաններն ու պարեկները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ նշված վայրից մեկ հոգու հրազենային վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց։
Արդեն տեղում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են ատրճանակ, արնանման հետքեր, կրակված 1 պարկուճ։
Տարածքը պարեկները սահմանազատել են։
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից հիվանդանոց է մեկնել քննչական խումբը, ովքեր այնուհետև պետք է ժամանեն դեպքի վայր։
Այս պահին համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզում են վիրավորի ինքնությունը։
Առեղծվածային դեպք՝ Երևանում. հայտնաբերվել են ատրճանակ, կրակված պարկուճ, արնանման հետքեր










