Փաշինյանը խոստովանեց․ ինքն է Արմեն Սարգսյանին «թոշակի» ուղարկել


Փաշինյանը խոստովանեց․ ինքն է Արմեն Սարգսյանին «թոշակի» ուղարկել
Հունվար 25 10:22 2022

Երեկվա ֆեյսբուքյան ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, առաջինն անդրադարձավ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի փաստին։ Եթե մի կողմ թողնենք ֆորմալ, դիվանագիտական ձևակերպումները, ապա Փաշինյանը՝ անդրադառնալով Նախագահի թեկնածուի հարցին, ըստ էության, բացահայտել է Արմեն Սարգսյանի հրաժարականի հիմնական պատճառը։ «Պետք է գնանք այնպիսի լուծումների, որ հանրապետության նախագահի, կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև լինի քաղաքական ներդաշնակություն»,- ասել է Փաշինյանը։

 

Այլ խոսքով, վարչապետն ակնարկում է, որ «քաղաքական ներդաշնակությունը» խախտողը եղել է հենց Արմեն Սարգսյանը ու նրա հրաժարականով, այսպես ասած, թվացյալ «երկիշխանության» բաղադրիչը վերանում է և ստեղծվում է միանգամայն մոնոլիտ իշխանություն ձևավորելու հեռանկար։

 

Դժվար չէր ենթադրել, որ ղազախական իրադարձություններից հետո Փաշինյանը ստանալու է ներքաղաքական հարթության վրա ավելի անկաշկանդ գործելու քարտ- բլանշ ու պետք է կանխատեսել, որ Արմեն Սարգսյանից բացի՝ առաջիկա շաբաթներին, ամիսներին իշխանության ներսում կլինեն նոր զտումներ՝ իշխանության «կայունությունը» և միակենտրոնությունն ապահովելու նպատակով։ Պատահական չէ, օրինակ, որ երեկվանից նոր թափ ստացան խոսակցությունները՝ գլխավոր դատախազ Արտակ Դավթյանի վաղաժամ պաշտոնանկության մասին։

Ի դեպ, երեկվա ասուլիսի մեկ այլ դրվագում ևս Փաշինյանն անուղղակի խոստովանել է, որ հենց ինքն է Արմեն Սարգսյանին «թոշակի ուղարկողը»։ Վերջինիս հրաժարականից հետո սահմանադրական փոփոխությունները, կարծես թե, կորցրել են ակտուալությունը։ «Ամենևին փաստ չէ, որ ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան։ Ներկայումս մենք խնդիր ունենք 4 տարվա գործունեությունից հետո, այսպես ասած, աուդիտի ենթարկել մեր գործող Սահմանադրությունը և տեսնել թե ինչ լավարկման տեղեր և հնարավորություններ կան։ Իմ անձնական համոզմունքն է, որ կառավարման համակարգը չպետք է փոխվի»,- ասել է Փաշինյանը։

 

Նիկոլ Փաշինյանը լուծել է միակենտրոն իշխանության ձևավորման հարցը, նա համարում է, որ այլևս վերացած են իշխանությանը սպառնացող վտանգները՝ հակամարգի ներսից ու դրանից դուրս, ըստ այդմ՝ սահմանադրական ռեֆորմը նրա համար դարձել է ոչ ակտուալ, ֆորմալ գործընթաց։

 

Վահրամ Բագրատյան

Mediahub.am