ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ԵԽԽՎ-ում բարձրաձայնել է երեկ Շաքի գյուղում զինված ադրբեջանցի կողմից հայ կնոջն իր իսկ տան մեջ վիրավորելու դեպքի մասին։
«Հարգելի՛ նախագահ,
սիրելի՛ գործընկերներ,
Այսօր ես ցանկանում էի խոսել առողջապահական խնդիրների մասին, սակայն տեղի ունեցած ցնցող դեպքը ստիպում է խոսել դրա մասին։ Ուղիղ 24 ժամ առաջ Հայաստանում սարսափելի դեպք է տեղի ունեցել։ Ադրբեջանցի զինված զինծառայողը հատել է Հայաստանի սահմանը, ներխուժել հայի տուն, ընտանիք և երեք երեխաների աչքի առաջ կրակել մոր վրա։
Սա վերջին շրջանում արդեն երկրորդ դեպքն է, երբ հայ խաղաղ բնակիչները հարձակման են ենթարկվում հարևան երկրի զինծառայողների կողմից։
Գիտե՞ք, թե ինչու են նրանք այդքան վստահ։ Պատժի բացակայության պատճառով։
Միջազգային դատարաններն ու կառույցները, որոնք պետք է պատասխանատվության ենթարկեին Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտման պատասխանատուներին, որևէ գործուն քայլ չձեռնարկեցին։
Մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա՝ Հունգարիայում, ադրբեջանցի զինծառայողը ՆԱՏՕ-ի ուսումնական ծրագրի ընթացքում կացնով սպանեց քնած հայ զինվորին, սակայն նա արտահանձնվեց Ադրբեջանին։
Մարդասպանը նույնիսկ մեկ օր չանցկացրեց ադրբեջանական բանտում։ Փոխարենը` Ադրբեջանի նախագահը նրան դիմավորեց, «Ազգային հերոսի» կոչում շնորհեց և թույլ տվեց ազատ շրջել Բաքվի փողոցներում։
Վերադարձնելով նրան Ադրբեջանին՝ ԵՄ անդամ պետությունը, թեկուզ ակամայից, կանաչ լույս վառեց նման վտանգավոր վարքագծի համար։
Եվ հիմա մենք տեսնում ենք նույն շրջապտույտի կրկնությունը․ ադրբեջանցի զինծառայողները մուտք են գործում Հայաստան, հարձակվում խաղաղ բնակիչների վրա, իսկ Ադրբեջան վերադարձվելու դեպքում նրանց ընդունում են որպես հերոսների։
Այս վտանգավոր շրջապտույտը պետք է ավարտվի։
Եվրոպական հանրությունը չի կարող պարզապես դիտորդ մնալ։
Բռնություն գործադրողները երբեք չպետք է փառաբանվեն։
Խաղաղ հայ քաղաքացիների կյանքը պետք է առաջնահերթություն լինի։
Ո՛չ արտահանձնմանը, եթե արդարադատությունը երաշխավորված չէ։
Այո՛ միջազգային արդարադատությանը»։










