Դեկտեմբերի 5-ին Վարդենիսում տեղի ունեցած ընտրություններից հետո մինչ օրս համայնքը, կարելի է ասել, չի ղեկավարվում: Ու դա ոչ թե այն պատճառով, որ նորընտիր ավագանին համայնքապետ չի ընտրել, այլ որովհետև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որևէ կերպ չի կարողանում հաշտվել մյուս երկու ուժերի դաշինք կազմելու, միասնական թեկնածու առաջադրելու ու ընտրելու հանգամանքի հետ:
Վարդենիսում, հիշեցնենք, «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, ու մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։ Հուշագիր ստորագրելուց հետո սակայն «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց, ու նա կալանավորվեց։ Թիմակիցներն ու փաստաբանները Հարությունյանի շուրջ կատարվողը միանշանակ քաղաքական հետապնդում են որակում:
Չնայած իրավական գործընթացների՝ դեկտեմբերի 30-ին ավագանին անդրանիկ նիստ էր նշանակել, բայց մինչ նիստի սկսելը ոստիկանությունը փորձել էր բերման ենթարկել ավագանու ընդդիմադիր մեկ այլ անդամի՝ Ահարոն Խաչատրյանին: Մի քանի 3 ժամ անց սակայ՝ ընդդիմությանը ի վերջո հաջողվել էր նիստ հրավիրել և համայնքապետ ընտրել Ահարոն Խաչատրյանին: ՔՊ-ականները նիստին չէին մասնակցել:
Ավագանու հաջորդ՝ հունվարի 4-ին նշանակված նիստին ոստիկանական ուժերը, կատարելով վերևից եկած հրահանգները, թույլ չէին տվել, որ ընտրված ավագանու անդամները մուտք գործեն համայնքապետարանի շենք, ուստի համայնքի ղեկավար ընտրված «Ահարոն Խաչատրյան» դաշինքի թեկնածու Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը տեղի էր ունեցել դրսում:
Համառորեն ու զոռբայությամբ՝ Փաշինյանի թիմը, փաստորեն, փորձում է համայնքային իշխանությունը յուրացնել:
Սևակ Վարդումյան