Ինչպե՞ս է Սիմոն Վրացյանը փրկվում Սևանա լճում սկսված փոթորկից


Ինչպե՞ս է Սիմոն Վրացյանը փրկվում Սևանա լճում սկսված փոթորկից
Հոկտեմբեր 31 14:12 2021

1918 թվականի մայիսին հիմնադրված Հայաստանի Առաջին Հանրապետությունն ունեցավ ընդամենը 2 տարվա կյանք, սակայն այդ փոքր ժամանակահատվածը լի էր բազմաթիվ իրադարձություններով, որոնք պատմական տեսանկյունից իրոք կարևոր էին։

 

 

Պատմական կարևոր իրադարձությունների մասին այդ ժամանակվա մամուլը գրեց։ Հայաստանյան ու օտարերկրյա մամուլի պահպանված պատմական փաստերն ու տեղեկությունները մեր աչքի առաջ բացում են այդ շրջանի լիարժեք պատկերը։ Պետք է ընդգծել նաև, որ մամուլից զատ՝ շատ կարևոր էին նաև այդ շրջանում ապրած ու քաղաքական ակտիվ գործունեություն ծավալած անհատների, քաղաքական գործիչների ու գրողների հուշերը, ովքեր ներկայացնում են ժամանակաշրջանի մի շարք կարևոր իրադարձություններ, որոնք հետաքրքիր են, առաջին հերթին՝ Հայաստանի համար։ Այդ տեսանկյունից բացառիկ է Սիմոն Վրացյանը, ով իր աշխատություններում, պատմական դեպքերի մասին փաստերի արձանագրումից զատ, գրել է նաև իր ապրած ու կառավարած ժամանակաշրջանի մասին մի շարք հետաքրքիր հուշեր։

 

Իր «Կյանքի ուղիներով» գրքում Վրացյանը պատմում է բացառիկ դեպքերի, դեմքերի և իրադարձությունների մասին։ Այդ գրքում ենք հանդիպում Վրացյանի հետ տեղի ունեցած մի դեպքի մասին։ Մասնավորապես, 1920 թվականի մայիսին Վրացյանը որոշում է շրջապտույտ կատարել և այցելել Սևան։

 

«Ինքնաշարժը սուրալով` կտրում է Քանաքեռի դեռ քնած փողոցները` դեպի Ձոր Աղբյուր, դեպի Ախտա, միշտ դեպի վեր` Սևանի ուղղությամբ։ Շուրջը ցանված արտեր կանաչ, բլուրներ ու լեռներ և հետևը` մեզանից անբաժան վեհաշուք տեսքը Մասիսի։

 

Ելենովկայում ռուս գյուղացիությունը մեզ ընդունում է աղ ու հացով։ Ապա` նոր նավաշինարանը Սևանի եզերքին։ Բեսարաբիայից եկած երիտասարդ ծովային սպան-Կոստան Զարյանի նավապետ Հերյանի նախատիպը, մեզ հանդիսավոր ընդունելություն է ցույց տալիս և ներկայացնում է իր գործակիցներին։ Դիտում ենք նավաշինարանը և նորաշեն «Աշոտ Երկաթ» «ռազմանավի» թերավարտ կմախքը։ Երիտասարդ սպան հպարտությամբ բացատրում է, Հայաստանի նավատորմի առաջին միավորն է, որ կառուցման բախտը իրեն է վիճակված։ Ռազմանավը ունենալու է երկու թեթև թնդանօթներ և հիսուն նավաստիներ։ Այսքանը բավական է Սևանի եզերքներին խաղաղությունը պահելու համար։ (Հատվածը վերցված է Սիմոն Վրացյանի «Կյանքի ուղիներով» գրքից։ Կահիրե, 1955 թվական, էջ 222):

 

Հատկանշական է, որ Վրացյանն այս հուշում ներկայացնում է նաև Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա» վեպի հերոս` նավապետ Հերյանի նախատիպին` ծովային սպա Գարագաշյանին։ Վրացյանը խոսում է նաև ռազմանավի մասին, որը պատրաստվում էր և նպատակ ուներ վերահսկելու Սևանի ափերը։ Սակայն Վրացյանի հետ տեղի ունեցողը հետագայում ենք կարդում, քանի որ նավարկության ժամանակ լճում սկսվում է փոթորիկ, և Սիմոն Վրացյանը մի կերպ է կարողանում փրկվել «ծովային» աղետից.

 

 

«Փիլիսոփա նավապետը իրավունք ուներ թերահավատ լինելու։ Քամին չփչեց, բայց հետզհետե երկինքը սկսեց ծածկվել ամպերով։ Ջրերը մութ գույն առին։ Ամպերը թանձրացան ու մթնեցին։ Ամպերի միջից փայլեց կայծակը։ Լսվեց հեռավոր գոռոց, որ հետզհետե մոտեցավ։ Մեկ էլ` թունդ որոտ. Կարծես երկինքը պատռվեց և շանթ ու կայծակի կուրացնող լույսերով լցվեց լիճը։ Փչեց ուժեղ քամի, ապա` տեղատարափ կարկուտ, և մեր նավը խաղալիք դարձավ ալեկոծ տարերքի։ Նավավարները ոգի ի բռին աշխատում էին պահել նավի հավասարակշռությունը ղեկի և առագաստների միջոցով, բայց նավը չէր հնազանդվում և օրորվում էր վեր ու վար, մի կողմից մյուս` տաշեղի նման։ Պարտված ընկա և ես Արշակի կողքին` ծովախտից զարնված։ Ես, որ համարձակ մարտահրավեր էի ուղղել Ատլանտյան օվկիանոսի վիթխարի ալիքներին, այժմ գալարվում էի ցավից` խղճուկ առագաստանավում…

 

Ինչքա՞ն տևեց փոթորիկը Սևանի վրա, ինչպե՞ս և ե՞րբ հասանք լճի մյուս եզերքը- ոչինչ չէի հիշում։ Երբ նավաստիների օգնությամբ դուրս եկա ափ, հազիվ պահում էի ինձ ոտքի վրա։ Ռուս գյուղացիները ընդառաջ էին եկել աղ ու հացով, ինչպե՞ս ընդունեցի նրանց աղն ու հացը, ի՞նչ ասացին նրանք, ի՞նչ պատասխանեցի ես, որ սպանեք, չեմ կարող ասել։ Երբ երեկոյան զարթնեցի և աչքերս բացի, տեսա ինձ ռուս գյուղապետի տանը, մահճակալի վրա»։ (Նույն տեղում` էջ 228):

 

 

Հատկանշական է, որ նավը նստելուց առաջ Վրացյանն ընդգծում է, որ տեսել է շատ ծովային փոթորիկներ Սև և Միջերկրական ծովերում, ինչպես նաև ալեկոծությունների է հանդիպել Ատլանտյան օվկիանոսում և որևէ անգամ չի վախեցել այդ ամենից։ Սակայն Սևանա լճի փոթորիկը բացառիկ էր Վրացյանի համար, որն ինքն անձամբ է ընդգծում և այս բացառիկ հուշը ներկայացնում իր գրքում։ Սևանն այսպիսին է եղել ժամանակին…