Ալիևը մեղադրանքներ է հնչեցրել Իրանի հասցեին


Ալիևը մեղադրանքներ է հնչեցրել Իրանի հասցեին
Հոկտեմբեր 13 19:52 2021

«Իրանի հայտարարություններն` Իսրայելի հետ Ադրբեջանի համագործակցության վերաբերյալ իր դժգոհության մասին, ընդամենը պատրվակ են», ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

«Դա ընդամենը պատրվակ է: Դրա պատճառը որոշ այլ երկրների հետ մեր հարաբերությունների մեջ չէ, քանի որ մեր արտաքին քաղաքականությունը շատ բաց, թափանցիկ, կայուն և, ինչպես ասացի, անկախ է: Ոչ մի երկիր չի կարող ազդել Ադրբեջանի որոշումների վրա և չպետք է փորձի դա անել», - ասել է Ալիևը իտալական La Repubblica հրատարակությանը տված հարցազրույցում:

Երկրի ղեկավարը նշել է, որ «եթե ինչ-որ մեկը փորձում է արհեստական ​​պատրվակներ օգտագործել և Ադրբեջանին մեղադրել այլ երկրի հետ հարաբերությունների մեջ, ապա այդ փորձերն ապարդյուն են»:

 
 

Ալիևն Իրանից պահանջել է հարգել Ադրբեջանի սահմանները, ապա հայտարարել` «մենք չենք խախտում այլ երկրների սահմանները»:

Նա նաև նշել է, թե իբր իրանական բեռնատարներն անօրինական կերպով մուտք են գործում Արցախ: 

Թեհրանի եւ Բաքվի միջեւ լարվածությունը նկատվում է սեպտեմբերի կեսերից: Իրանի իշխանությունները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի մի շարք սահմանամերձ շրջաններում Իսրայելի ենթադրյալ ներկայության կապակցությամբ: Ադրբեջանի իշխանություններն, իրենց հերթին, հերքում են այս մեղադրանքները եւ դրանք համարում են «անհիմն»:



loading...