ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դուստրը՝ Գայանեն սոցիալական ցանցի իր էջերում հրապարակել է մտորումներ 1 ամսվա դադարից հետո։
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին կալանավորվեց Գայանեի ավագ եղբայրը՝ Սեդրակ Քոչարյանը, մեկ օր անց՝ հայրը՝ Ռոբերտ Քոչարյանը։
Ներկայացրած մտորումներում Գայանեն նշում է.
«Այս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է այն դեպքում, երբ շուրջդ կատարվողը կարծես հենց դրա համար էլ արվում է, որ մարդ չարանա։ Բայց գենետիկան, դաստիարակությունը, մանկուց աչքիդ առաջ եղած օրինակները, անցած ճանապարհը չեն թողնում, որ չարանամ, բարեբախտաբար, ինչը մեծ հաղթանակ է։
Նաև տարիների աշխատանքը ներքին հենասյուների ամրապնդման, սթրեսակայունության, անվրդովության ուղղությամբ զգւմ ես հենց նման տակնուվրա վիճակում։
Կյանքում լինում են շատ լավ ու շատ վատ շրջաններ, կարևորը մնաս նույնը՝ արժեքների առումով, թե լավ, թե վատ օրերին։ Չմեծամտանալ, երբ ամեն ինչ լավ է թվում, և չչարանալ, երբ փորձության միջով ես անցնում»։










