Ի՞նչ պարտադիր էր համերգ կազմակերպել, երբ չգտնված ու չհուղարկավորված դիեր ունենք, չվերադարձած գերիներ ունենք. քաղաքացի


Ի՞նչ պարտադիր էր համերգ կազմակերպել, երբ չգտնված ու չհուղարկավորված դիեր ունենք, չվերադարձած գերիներ ունենք. քաղաքացի
Սեպտեմբեր 20 19:43 2021

Ցավալի է, որ այս համերգում Արամ Խաչատրյանի «Սպարտակ»-ի երաժշտությունն է հնչելու, այն օգտագործվում է այն ժամանակ, երբ Եռաբլուրում պարկած մեր տղաներն իրենք չեն կարող աղաղակել այս անարդարության մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքացի Ալլա Հակոբյանը, որը եկել էր կառավարության դիմաց՝ իր աջակցությունը հայտնելու սեպտեմբերի 21-ին կայանալիք տոնական միջոցառումների անցկացման դեմ իրենց բողոքն արտահայտող քաղաքացիներին, որոնք զավակներ ու հարազատներ են կորցրել Արցախյան 44-օրյա պատերազմում:

«Կատարվածը գերագույն անաստվածությունը, ուշ թե շուտ բոլոր մեղավորները պատժվելու են: Այդ ո՞նց ստացվեց, որ ամբողջ աշխարհում ֆորսմաժորային խնդիրների պատճառով Օլիմպիական խաղերը նախորդ տարի հետաձգեցին ու այս տարի անցկացրեցին, բայց մեզ մոտ էլ է նման իրավիճակ, ի՞նչ պարտադիր էր այս միջոցառումը կազմակերպել, երբ դեռ չգտնված, չթաղված կամ սառնարաններում գտնվող դիեր կան, երբ գերիներ ունենք չվերադարձած, դրանից ավելի մե՞ծ ֆորսմաժոր պետք է լիներ, էլ չեմ ասում, որ Արցախ աշխարհի հողերի մեծ մասը տվեցին, հիմա հերթը Սյունիքինն է հասել: Հայ ժողովուրդ, կարծում եմ՝ շատերդ տանը նստած ցավում եք սրա համար, բայց պետք է սա հետաձգվեր, էլ չասեմ, որ Անկախության օրվա նշանի վրա 30 թիվը նորմալ չի էլ երևում, այլ իրենց քանդած երեք տարվա 3-ը»,- նկատեց քաղաքացին: