Ադրբեջանը Արցախը ցանկանում է վերածել կանաչ գոտու


Ադրբեջանը Արցախը ցանկանում է վերածել կանաչ գոտու
Սեպտեմբեր 20 16:58 2021

 

Ադրբեջանը Արցախը ցանկանում է վերածել կանաչ գոտու

Արցախի Հանրապետության օկուպացված Շուշի քաղաքում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցի Այդըն Քերիմովը հայտարարել է, որ ողջ Ղարաբաղի տարածաշրջանը՝ այդ թվում նաև Շուշի քաղաքը կդառնա կանաչ էներգիայի գոտի։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Քերիմովը ընդգծել է, որ Շուշի քաղաքում 10 ամիս շարունակ ընթանում են վերականգնման և վերակառուցման աշխատանքներ։ Նրա խոսքով նախևառաջ մեկնարկել է քաղաքային ենթակառուցվածքի վերականգնման նախագծերի իրականացումը։

Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը ընդգծել է, որ ենթակառուցվածքային նախագծերի շարքում առանձնահատուկ նշանակություն ունեն քաղաքի էներգամատակարարման հետ կապված նախագծերը: «Արդեն ամբողջությամբ գործում է «110/35/10 կիլովոլտ լարվածության ենթակայանը: Ադրբեջանի նախագահի համապատասխան հրամանագրի համաձայն մեկնարկել է Շուշի քաղաքի ջերմամատակարարման համակարգի շինարարությունը: Մինչև այս տարեվերջ յոթ կաթսայատուն կկառուցվի, որոնց մեծ մասը կաշխատի էլեկտրաէներգիայով: Ամբողջ Ղարաբաղի շրջանը՝ այդ թվում նաև Շուշի քաղաքը, կդառնա «կանաչ էներգիայի» գոտի, և մենք կփորձենք հնարավորինս օգտագործել կայուն էներգետիկա»,- ասել է Քերիմովը:

Նա նաև հավելել է, որ միջոցներ են ձեռնարկվում Շուշի քաղաքի ջրամատակարարման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի մեկնարկած ռազմական գործողությունների արդյունքում վերջինիս վերահսկողության տակ անցան Արցախի անվտանգության գոտու մաս կազմող Մեխակավանի (Ջաբրայիլ-խմբ), Կովսականի (Զանգելան), Վարանդայի (Ֆիզուլի), Որոտանի (Կուբաթլու) շրջանները, ինչպես նաև նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավարի մարզի Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը, Քարինտակ, Քիրսավան գյուղերը, Մարտունու շրջանի մի մասը, գյուղեր Ասկերանի շրջանից և Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը, իսկ նոյեմբերի 9-ի գիշերը ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն Ադրբեջանին հանձնվեց Ակնայի (Աղդամ), Շահումյանի(Քելբաջար) և Քաշաթաղի (Լաչին) շրջանները։