Երեւանը պատրաստ է վերսկսել Բաքվի հետ բանակցությունները՝ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ


Երեւանը պատրաստ է վերսկսել Բաքվի հետ բանակցությունները՝ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ
Սեպտեմբեր 1 23:01 2021

Երեւանը պատրաստ է վերսկսել Բաքվի հետ բանակցությունները՝ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ՝ իրավահավասարության եւ ուժի չկիրառման հիման վրա, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Հայաստանի Հանրապետությունը բազմիցս ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել լեռնայինղարաբաղյան հակամարտության խաղաղ գործընթացը՝ լավ հայտնի սկզբունքների հիման վրա, այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, իրավահավասարություն եւ ժողովուրդների ինքնորոշում ու տարածքային ամբողջականություն: Նոյեմբերի 9-ի (Ղարաբաղում զինադադարի մասին - խմբ.) եռակողմ հայտարարության ստորագրումից հետո համանախագահները մի շարք հայտարարություններ են արել: Հայկական կողմը ողջունել է այս հայտարարությունները՝ համարելով, որ դրանք տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհային քարտեզ են»,- ասել է նախարարը:

Միաժամանակ, Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը չի կատարում հրադադարի համաձայնագիրը, որն արտահայտվում է, առաջին հերթին, բոլոր ռազմագերիների եւ կալանավորված այլ անձանց անհապաղ վերադարձի հարցում: Նախարարը նաեւ մեղադրել է Բաքվին Հայաստանի տարածք ներխուժելու եւ տարածքային կեղծ պահանջներ ներկայացնելու համար: «Հայկական կողմը հետեւողականորեն առաջ կմղի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, իր հայրենիքում ազատ եւ արժանապատիվ ապրելու իրավունքի իրականացումը»,- ընդգծել է Միրզոյանը: