Երևանի կենդանաբանական այգու տնօրենի նախկին պարտականությունները կատարող Վլադիմիր Սիմոնյանն ազատվել է աշխատանքից, քանի որ փաստաթղթերով չի համապատասխանել տնօրենին ներկայացվող պահանջներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Այդ տվյալները փաստում են այն մասին, որ փաստաթղթերով Սիմոնյանը չի համապատասխանում տնօրենին ներկայացվող պահանջներին: Այդ պատճառով տնօրենի նոր պաշտոնակատար նշանակելու անհրաժեշտություն առաջացավ: Որոշում է կայացվել ԺՊ նշանակել Արևիկ Մկրտչյանին, ով զգալի փորձ ունի ոլորտում՝ աշխատել է Կենդանաբանական այգում, բացի դրանից, ոլորտում փորձառու և որակյալ մասնագետ է»,- նշեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը:
Հարցին, արդյոք այդ ամենը համապատասխանում է իրականությանը, Կարապետյանը բացասական պատասխան տվեց:
«Այո, Արևիկ Մկրտչյանն աշխատել է նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հետ: Թյուրընկալումներից խուսափելու համար պետք է արձանագրել, որ կենդանաբանական այգում այսօր աշխատողների մեծ մասը նույնպես աշխատել է այդ ժամանակ: Ցանկանում եմ փարատեմ այն մտայնությունը, որ Արևիկ Մկրտչյանը գալու է ու կատարի Ռուբեն Խաչատրյանի ծրագրերը. այդպիսի բան չի լինի»,- ասաց Կարապետյանը:
«Տնօրենի պարտականությունները կատարողին այդ լիազորությունների դադարեցման մասին ծանուցման կարգ օրենսդրությամբ չի նախատեսվում: Մինչև հիվանդանոց գնալը, պարոն Սիմոնյանը բանավոր տեղեկացել է այդ մասին և տեղյակ է եղել»,- ընդգծեց Կարապետյանը:










