Փաշինյանի հերթական խաբեությունը


Փաշինյանի հերթական խաբեությունը
Հուլիս 29 23:19 2021

Մոտը 10 օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ հաղորդակցությունների բացումը հնարավորություն կտա Ադրբեջանին Հայաստանի տարածքով մուտք ունենալ դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:

«Բացի այդ, մենք սկսել ենք երկաթուղու կառուցում դեպի Հայաստանի սահմանը: Մենք պետք է մեր տարածքում դնենք ավելի քան 100 կմ հիմնական և երկաթուղային գծեր` մինչև Հայաստանի հետ սահմանը, իսկ Հայաստանի տարածքում՝ շուրջ 40 կմ»,- ասել էր նա:

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկնել է Ալիևի հայտարարությունը, որ Ադրբեջանը Հայաստանով պիտի հաղորդակցություն ունենա դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան, Հայաստանը՝ Ադրբեջանով դեպի ՌԴ, Կենտրոնական Ասիա ու Իրան:

Ալիևը գիտի՝ ինչի համար է նման հայտարարություն անում, ինչ խնդիր է գլոբալ առումով լուծելու: Արդյո՞ք Փաշինյանը գիտակցում է, թե Ադրբեջանը ինչ խնդիր է փորձում լուծել: Եթե ոչ՝ վատ է, որովհետև թշնամու նպատակները պետք է մանրակրկիտ իմանալ և ըստ դրա սցենարներ ու հակասցենարներ մշակել:

Եթե Փաշինյանը գիտի և խաբում է ժողովրդին, ինչպես պատերազմից առաջ, դրա ընթացքում և հետո, առավելևս վատ է, որովհետև այս դեպքում գործարքի «հոտ» է գալիս:

Ի՞նչ կերպ է այսօր Ադրբեջանը «մտնում» Իրան, ինչի՞ համար է պետք Հայաստանը 

– Ադրբեջանն այսօր Իրանի հետ կապ է ապահովում հիմնականում Աստարա քաղաք-նավահանգստի միջոցով՝ ցամաքային:

– Ղազվին-Ռաշթ-Ասթարա երկաթգիծն էլ կառուցվում է, որպեսզի ստեղծվի նաև երկաթգծային կապ:

– Ադրբեջան-Իրան ծովային կապն ապահովվում է Կասպից ծովի ափին գտնվող Անզալի նավահանգստի միջոցով: Ընդ որում, այս նավահանգստի միջոցով Իրանը ծովային կապ ունի և՛ ՌԴ-ի, և՛ Ղազախստանի հետ, և՛ Թուրքմենստանի հետ:

– Ադրբեջանը մտադիր է օդանավակայաններ ունենալ Վարանդայում (Ֆիզուլի), որը կգործարկվի մինչև այս տարվա վերջ, Կովսականում (Զանգելան)՝ հաջորդ տարի, և Լաչինում, որն էլ պատրաստ կլինի 2023 թվականին:

– Նպատակ կա վերականգնել Բաքու-Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Նախիջևան-Երևան երթուղային գիծը: Այս հարցը ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաթեթային տարբերակի օրակարգում է եղել:

Մոտ 2 ամիս առաջ Ալիևը հայտարարել էր, որ տրվել է Հորադիզ-Ագբանդ երկաթուղու կառուցման մեկնարկը, այսինքն, կառուցվելու է Օրդուբադից մինչև Հայաստանի հետ սահման 15-16 կիլոմետր երկարությամբ բացակայող տեղամասը:

Նա նաև նշել էր, որ հետագա ծրագրերի մեջ է՝ «կապել Զանգելանը Արևմտյան Զանգեզուրի, ապա նաև Օրդուբադի միջոցով՝ Նախիջևանի և Թուրքիայի հետ»:

Ի դեպ, 2020-ի նոյեմբերի 13-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ցանկանում են, որ Հայաստան-Իրան երկաթուղին աշխատի՝ Նախիջևանով:

Հավելենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի՝ Բաքու այցի շրջանակում օրակարգային հատուկ թեմա է եղել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով ենթակառուցվածքների փոխգործակցությունը և դրա ճյուղավորումը Բաքու-Զանգեզուրի/Մեղրիի միջանցք-Ջուլֆա-Իրան երկաթգծային ճանապարհի վերականգնման միջոցով:

Ադրբեջանը կարևորում է ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնումը Զանգեզուրի միջանցքի միջոցով, ինչպես նաև Նախիջևան-Շախբուզ-Գորիս-Լաչին-Ստեփանակերտ-Աղդամ-Բարդա-Եվլախ ավտոմայրուղիները, որոնք անցնում են Զանգեզուրի հյուսիսային մասով և միմյանց կապում աշխարհագրական տարբեր շրջաններ:

Մի բան հստակ է՝ Ադրբեջանը գործում է Թուրքիայի հետ, այն է՝ ի շահ «Մեծ Թուրան» ծրագրի, որից ելնելով՝ փորձելու է վերջնականորեն վերացնել հայկական պետականությունը՝ կրճատելով, վերցնելով ռազմավարական, կենսական նշանակության այն տեղանքները՝ Գեղարքունիքի արևելյան կողմը, Սյունիքի հատվածը, Տավուշի գյուղերը, որոնց միջոցով ՀՀ-ն այսօր կապվում է արտաքին աշխարհի հետ: Այսինքն՝ կտրել ՀՀ-ի՝ արտաքին աշխարհի հետ կապը, և թողնել այնպիսի Հայաստան, որն իրենցից կախման մեջ կլինի:

Ո՞րն է Իրանի շահը

Իրանը նախընտրում է Վրաստանի և Սև ծովի հետ կապ ունենալ բացառապես ՀՀ տարածքի վրայով: Դա բխում է Իրանի անվտանգային և ռազմավարական շահերից:

Ըստ էության, այսօր Իրանը դեպի Վրաստան, և հատկապես՝ դեպի ՌԴ կապն ապահովում է Ադրբեջանի տարածքով:



loading...