Նորից ՊՊԾ աշխատակիցները պարգեվատրվել են․ ԱԺ աշխատակազմում վստահ են, որ սա Արարատ Միրզոյանի հրաժեշտի հրամանն է. «Հրապարակ»


Նորից ՊՊԾ աշխատակիցները պարգեվատրվել են․ ԱԺ աշխատակազմում վստահ են, որ սա Արարատ Միրզոյանի հրաժեշտի հրամանն է. «Հրապարակ»
Հուլիս 3 09:36 2021

«ԱԱԾ պետական պահպանության ծառայության կազմավորման առթիվ Արարատ Միրզոյանը երեկ պարգևատրել է ՊՊԾ ղեկավար Սարգիս Հովհաննիսյանին, ոլորտի այլ ծառայողների, ինչպես նաև իր անվտանգությունն իրականացնող մի շարք աշխատակիցների՝ ի դեմս ԱԺ նախագահի անվտանգության բաժնի պետի տեղակալ Արմեն Վարդանյանի։ Սարգիս Հովհաննիսյանը պարգևատրվել է ԱԺ նախագահի հուշանվերով։

 

 

Ուշագրավ է, որ սույն անձը 2020 թվականի դեկտեմբերի 20-ին նույնպես պարգևատրվել էր Արարատ Միրզոյանի կողմից՝ «Ազգային անվտանգության աշխատողի օրվա առթիվ, ծառայողական պարտականությունները «գերազանց և բարձր պատասխանատվությամբ» կատարելու համար նա ՀՀ ԱԺ նախագահի հուշանվերով է պարգևատրվել՝ ՊՊԾ մի խումբ աշխատակիցների հետ միասին։ Ի դեպ, այդ օրերին սույն աշխատակիցներին մեղադրում էին նրանում, որ նրանք նոյեմբերի 9-ին չկարողացան ԱԺ նախագահին փրկել ամբոխի զայրույթից, և նա հիվանդանոց ընկավ՝ ծանր վնասվածքներով։

 

Կես տարվա մեջ երկու անգամ նույն անձին պարգևատրելու իմաստը ո՞րն է։ Սրանում, թերևս, խորհրդանշական իմաստ կա։ Նախ, ԱԺ կայքում տեղադրված պաշտոնական կարգադրության մեջ նշվում է, թե պարգևատրում է ՊՊԾ «տարելիցի» կապակցությամբ, ինչը վկայում է այն մասին, որ ԱԺ-ում այլևս գրագետ մարդ, սրբագրիչ չի մնացել։ Երկրորդը․ հավանաբար, ԱԺ նախագահն ու ԱԺ այս կազմն արդեն ճամպրուկային տրամադրություններ ունեն, և ամեն ինչ նրանց աչքին «ողբերգական» է երևում՝ տարելից, հոգեհանգիստ և այլն։ Խորհրդարանի աշխատակազմը, օրինակ, վստահ է, որ սա Արարատ Միրզոյանի հրաժեշտի հրամանն է»,-գրում է թերթը։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։



loading...