Քաղաքացիները բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի դիմաց՝ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա, դեմարկացիա իրականացնելու վերաբերյալ փաստաթղթի դեմ։ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ակցիայի ընթացքում նշեց, թե ինչու է կազմակերպվում հանրաքահավաք և ինչ ներքաղաքական խնդիրներ են առկա Հայաստանում:
«Անկախ քաղաքական ուժերի հայացքներից` ես կարծում եմ, որ բոլորս այստեղ պիտի խոսենք մեր ազգային անվտանգության մասին: Ամենակարևոր խնդիրը, որ կարելի է արձանագրել, հետևյալն է՝մեր հասարակությունը չի վստահում գործող իշխանության խոսքերին, քանի որ նրանք բազմաթիվ անգամ ապացուցել են, որ իրենց խոսքն ու գործը չեն համընկնում»,- ասաց Արա Զոհրաբյանը:
Փաստաբանների պալատի նախագահը նաև անդրադարձավ փաստաթղթին, որը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է ստորագրի:
«Այսօր զուգահեռ գործընթացներ են ընթանում և խոսվում է ինչ-որ փաստաթղթեր ստորագրելու մասին: Արդյո՞ք մենք կարողացանք ճիշտ արձագանքել այս իրավիճակին, եթե մենք ինչ-որ ժամանակ հետ գնանք, ապա կտեսնենք, որ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումը բոլորիս մոտ զայրույթ առաջացրեց և չեմ կարծում, որ կա մի հայ մարդ, որը այդ պահին սթրես չի տարել փաստաթղթի մասին լսելիս»,- նշեց փաստաբանների պալատի նախագահը:
Արա Զոհրաբյանը նաև նշեց՝ Սյունիքը, Գեղարքունիքը և Երևանը Ալիևի երազանքն են: «Շուշին նրան նվիրեցին թեյախմության համար, Սևանում էլ ցանկանալու է ձուկ ուտել, սրանք փորձում են իրականություն դառնալ, բայց մենք թույլ չենք տալու, քանի որ մենք ազգ ենք ու պետք է հիշենք, թե ով ենք եղել և ուր ենք գնալու»,- ասաց Արա Զոհրաբյանը:
Նա նաև անդարդարձավ Հայաստանի սահմանին առկա իրավիճակին և նշեց՝ իշխանությունները չեն կարող սովորեցնել, որ թշնամիների հետ կարելի է խաղաղ ապրել, բայց չի կարելի խաղաղ ապրել մի հարևանի հետ, որը ուզում է քո մահը:
«Խնդիրը ժամանակին ադրբեջանական և արցախյան սահմանի մասին էր, բայց ասյօր հարց է քննարկվում հայ-ադրբեջանական սահմանի մասին: Մենք արդեն խոսում ենք Հայաստանի գյուղերում առկա խնդիրների մասին, որոնք ադրբեջանցիներն են ստեղծում: Երեկվա տեսանյութը, կարծում եմ, որ բոլորիդ մոտ զայրույթ է առաջացրել և խոսում է մի բանի մասին, որ ադրբեջանցիները չեն սիրում հայերին, և ինչքան էլ մեր իշխանությունը թշնամասիրական կենացներ է ասում, փորձում է մեզ հարմարեցնել, որ թշնամիների հետ պետք է խաղաղ ապրել, բայց՝ ոչ, մենք տեսանք, թե ինչպես են թշնամիները վերաբերվում իրենցից քանակով ավելի քիչ զինվորների հետ»,- նշեց նա: