Ալբերտ Ավդոլյանը կդառնա էլեկտրամեքենաներ թողարկող Arrival բրիտանական ստարտափի համասեփականատերը


Ալբերտ Ավդոլյանը կդառնա էլեկտրամեքենաներ թողարկող Arrival բրիտանական ստարտափի համասեփականատերը
Մարտ 4 23:32 2021

Ռուսաստանցի գործարար Ալբերտ Ավդոլյանը, որին պատկանում է Յակուտսկի վառելիքաէներգետիկ ընկերությունը և Էլգինսկի ածխի հանքավայրը, կդառնա Arrival էլեկտրամեքենաներ թողարկող բրիտանական ստարտափի համասեփականատերը:

Ինչպես փոխանցում է РБК-ն, այս մասին հետևում է ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հարցով հանձնաժողովի կայքի տեղեկագրից: Տեղեկությունը տրամադրել է CIIG Merger ընկերությունը, որը միավորվում Arrival-ի հետ, որպեսզի դուրս գա ամերիկյան Nasdaq բորսա:

Հաղորդվում է, որ Ավդոլյանը 2020 թվականի նոյեմբերի 19-ին 30,6 մլն դոլարով ձեռք է բերել CIIG-ի բաժնետոմսերի 6,38 տոկոսը: Այսօր այդ մասնաբաժինը բորսայում գնահատվում է 43,2 մլն դոլար:   

Ընկերությունների միաձուլման ավարտից հետո, որը տեղի կունենա մարտի 19-ին, Ավդոլյանի մասնաբաժինը Arrival Group միավորված ընկերությունում կկազմի մոտ 0,5 տոկոս:   

Arrival ընկերությունը 2015 թվականին հիմնադրել է Yota հեռուստահաղորդակցական օպերատորի նախկին ղեկավար և ՌԴ կապի նախկին նախարար Դենիս Սվերդլովը:

Arrival-ը երկրորդ սերնդի էլեկտրամեքենաների արտադրության նորագույն տեխնոլոգիա է մշակել, որն ի տարբերություն առաջին սերնդի, թույլ է տալիս ավելի մատչելի մեքենաներ արտադրել: