«Մենք մինչ օրս թշնամիներ ենք». BBC-ն ներկայացրել է, թե ինչպես են Արցախում բնակվող հայերը հարմարվում կյանքին


«Մենք մինչ օրս թշնամիներ ենք». BBC-ն ներկայացրել է, թե ինչպես են Արցախում բնակվող հայերը հարմարվում կյանքին
Մարտ 4 00:08 2021

Ռուս խաղաղապահներն ամեն օր շարունակում են ապահովել Ղարաբաղ վերադարձող բնակիչների տեղաշարժի անվտանգությունը: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ ծավալուն հոդվածով ներկայացնում, թե ինչ իրավիճակ է տիրում է Արցախում պատերազմից հետո:

Պարբերականի թղթակիցները, որոնք մի քանի օր անցկացրել են Լեռնային Ղարաբաղում, նշում են, որ «Ստեփանակերտում կյանքը, թվում է, թե, իսկապես վերջնականապես վերադարձել է խաղաղ հունին, սակայն որոշ հատվածներում բնակիչները չեն շտապում վերադառնալ իրենց նախկին բնակավայրեր»:  

«Նկարահանել կարելի է ամեն ինչ, բացի դիտակետերից և զինվորականներից»,- Լաչինի միջանցքով անցնելիս հրահանգում են ռուս խաղաղապահները:

«Երբ մեքենան նոր-նոր սկսում է լեռնային ճանապարհով իջնել սահմանային անցակետ, որտեղ հերթապահում են խաղաղապահները, կրկին տեսարան է բացվում դեպի Արիավան փոքր գյուղը: Վեց շարք միանման սպիտակ տներ՝ կարմիր տանիքներով, որոնք ժամանակին կառուցվել էին Լիբանանից եկած հայերի համար»,-նկարագրում է հոդվածի հեղինակը՝ նշելով, որ մինչև 2020 թվականի պատերազմն այստեղ բնակվել է մոտ 300 մարդ, դրանից հետո գյուղ են վերադարձել 87 բնակիչ:

«Ես առաջնորդվում են նրանով, թե ինչ են պայմանավորվել Ալիևը, Պուտինը և Էրդողանը. բոլորը մնում են իրենց տեղերում: Նշանակում է՝ մենք նույնպես մնում ենք մեր տներում»,- լրագրողների հետ զրույցում ասել է գյուղապետը՝ մեկնաբանելով, թե ինչու է որոշել մնալ և ապրել Արիավանում, թե7 դա պաշտոնապես Ադրբեջանին անցած տարածք է:

Ինչպես նկատում են թղթակիցները, աշնանային պատերազմից հետո քաղաքների ու գյուղերի մի մասն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ Թաղավարդի բնակիչները նշում են, որ հայտնվել են արտասովոր իրավիճակում. նոր սահմանը բառացիորեն կիսել է գյուղը:

«Ղարաբաղյան կողմում մնացել են 135 տներ, իսկ 137-ն այժմ գտնվում են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ, որոնք, ի դեպ, զբաղեցրել են գյուղի շուրջ գտնվող բոլոր ռազմավարական բարձուքները»,- ընդգծում են լրագրողները:

Վերջիններս այցելել են նաև Մարտունի, որը պատերազմի առաջին իսկ օրերից ռմբակոծության է ենթարկվել, այնպես որ քաղաքում դժվար է գտնել մի տուն, որն ընդհանրապես տուժած չլինի, և հենց այստեղ է տեղակայվել ռուս խաղաղապահների դիտակետերից մեկը: Քաղաքապետի խոսքով՝ տուժել են տների 80 տոկոսը, 27-ն ամբողջովին ավերվել են:  

«Մենք շփվում ենք ռուս խաղապահների հետ, օգնում ենք միմյանց, կարելի է ասել՝ ընկերություն ենք անում: Վստահ եմ, որ նրանք կարող ենք կանխել պատերազմը հետագայում: Խոսել այն մասին, թե արդյոք կարող ենք մենք շփվել ադրբեջանցիների հետ, եթե նրանք բնակվեն քաղաքներում և գյուղերում, դեռ շուտ է: Մենք թշնամիներ ենք, մինչ օրս էլ թշնամիներ ենք: Չգիտեմ՝ ինչպես կստացվի»,- ասել է Մարտունու քաղաքապետը: