Ինչ է VPN ծրագիրը և ինչ նպատակներով է այն օգտագործվում․ պարզաբանում է Սամվել Մարտիրոսյանը


Ինչ է VPN ծրագիրը և ինչ նպատակներով է այն օգտագործվում․ պարզաբանում է Սամվել Մարտիրոսյանը
Փետրվար 22 22:43 2021

VPN–ը (virtual private network) ծրագիր է, որը տեղադրում եք հեռախոսի կամ համակարգչի վրա։ Այս մասին Para TV–ի հետ զրույցում ասել է Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ բացատրելով, թե ինչ է VPN–ը։

«Այն ձեր ամբողջ ինտերնետ թրաֆիքը գաղտնագրում է և չի ուղարկում այնտեղ, որտեղ դուք ուզում էիք, խողովակ է սարքում և տվյալներն ուղարկում է իր VPN–ին պատկանող սերվերների վրա, որոնք կարող են լինել տարբեր երկրներում, հետո այդտեղից դուրս է բերում «Ֆեյսբուք»։ Ոնցոր Կենտրոնից Չարբախով գնաք իններորդ Մասիվ»,– բացատրեց նա։

Սամվել Մարտիրոսյանը պարզաբանեց, որ VPN–ը մի քանի նպատակով են օգտագործում։ «Դա պետք է առաջինը նրա համար, որ այն թույլ է տալիս շրջանցել արգելափակումները։ Օրինակ՝ ադրբեջանական կայքերը Հայաստանում շատերի համար հասանելի չեն, եթե միացնում ես VPN, դու խաբում ես արգելափակման համակարգչին, ինքը մտածում է, որ Հայաստանից չես և ներս է թողնում»,–ասաց նա։

Փորձագետն ասաց, որ երկրորդը՝  այն պետք է, ընդհանուր առմամբ, քո անձնական տվյալների պաշտպանության համար։ «Սկսած նրանից, որ եթե դու օգտվում ես հանրային WiFi կապերից VPN-ը թույլ է տալիս համոզվել, որ քեզանից տվյալ չեն կորզի, որովհետև ինքը փակում է կողքից նայողի համար քո այցելությունները, ինչը նաև շատերի կողմից օգտագործվում է իր անձը անտեսանելի դարձնելու համար վերահսկող մարմիների համար։ Այսինքն՝ եթե ես միացնում եմ VPN, ապա հատուկ ծառայությունները, պրովայդերը, Ոստիկանությունը չի տեսնում, թե ուր եմ մտնում, մյուս կողմից էլ «Ֆեյսբուքը» չի տեսնում, թե ես որտեղից եմ մտել»,–ասաց նա։

Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ կան երկրներ, որտեղ VPN–ից օգտվելը պատժելի է, իսկ Հայաստանում այն ազատ օգտագործման ծրագրային ապահովում է և շատերն են օգտվում տարբեր պատճառներով։ «Օրինակ՝ շատ մարդիկ օգտվում են, որովհետև պետք է այցելեն ադրբեջանական կամ թուրքական կայքեր, որոնք արգելափակված են, կան մարդիկ, որ ուղղակի ուզում են լինել անվերահսկելի»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին (որին ավելի ուշ կալանավորել է) «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին (արդեն ազատ է արձակվել), «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին (ազատ է արձակվել) և քաղաքացի Արամ Սարգսյանին (կալանավորվել է): Նրանք մեղադրվում են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Gagik Soghomonyan» անուն–ազգանունով կեղծ օգտահաշիվ ստեղծելու և VPN ծառայության միջոցով դա կառավարելու միջոցով ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու մեջ։ Մասնագետները պնդում են, որ նույն VPN–ից, որից օգտվել է նշված օգտատերը, կարող էր օգտվել յուրաքանչյուր ոք։