Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակը դարձել է ոչ միայն հազարավոր մարդկանց մահվան պատճառը, այլեւ հանգեցրել է բազմաթիվ տնտեսական եւ անգամ հոգեկան խնդիրների: Յուրաքանչյուր երկիր յուրովի է արձագանքել. մի երկիր գնացել է խիստ միջոցառումների ճանապարհով, մյուսը որոշել է սահմանափակվել մեղմ միջոցառումներով:
Հայաստանում սկզբում հիվանդությանն այնքան էլ լուրջ չվերաբերվեցին: Բոլորը շատ լավ են հիշում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կատակները եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները: Սակայն ժամանակն անցնում էր, հիվանդացածների թիվն ավելի ու ավելի էր մեծանում, եւ իշխանությունները սկսեցին արձագանքել: Բայց այնպես, որ խիստ կարանտինով երկրները երազում էլ չէին տեսել: Օրինակ՝ նախնական փուլում պարետի թեթեւ ձեռքով նույնիսկ նույն ընտանիքի անդամներին արգելված էր տեղաշարժվել մեքենայով, եթե սրահում 2-ից ավելի մարդ կար: Այսինքն՝ բնակարանում միասին լինել կարելի էր, իսկ մեքենայի մեջ՝ ոչ: Լրատվամիջոցներում մի շարք հրապարակումներից հետո դրույթը չեղյալ հայտարարվեց: Հետո՝ ավելին: Որոշում ընդունվեց փողոցում, տրանսպորտում, այդ թվում՝ մասնավոր, փակ տարածքներում պարտադիր դիմակ կրելու մասին: Երեւանյան ամռանը, երբ փողոցում 40 աստիճան է, ոստիկանները բառի բուն իմաստով որսում էին առանց դիմակի քաղաքացիներին եւ տուգանում: Պարետատան նույն կարգադրությունների համաձայն՝ սկսեցին աշխատել սրճարանները եւ անգամ մարզադահլիճները՝ 1,5-2 մետր պարտադիր սոցիալական հեռավորության պահպանմամբ: Բայց ահա, եթե մարդը փողոցում մյուսներից 10 մետր հեռավորության վրա էր՝ տուգանվում էր: Մինչդեռ, մասնագետների պնդմամբ, այն կլիմայական գոտում, որում տեղակայված է Հայաստանը, շոգ ամռանը խելամիտ միջացառումների պահպանման դեպքում դիմակների կարիք չկա, հակառակը՝ դիմակի կրումը հղի է վտանգավոր հետեւանքներով:
Պարետատան նախանձախնդրությունն այնքան մեծ էր, որ տուգանվում էին մեքենայով ընթացող նույն ընտանիքի դիմակ չկրող անդամները: Անգամ եթե խոսքը երեխայի հետ մոր մասին էր: Գործողությունները պատճառաբանվում էին այն հանգամանքով, որ «դժվար է պարզել ազգակցական կապերը»: Չգիտես ինչու, հաշվառման առկայությունը հաշվի չէր առնվում: Հիպոթետիկորեն երեխան կարող էր առեւանգված լինել, բայց առեւանգողին կսպառնար միայն տուգանք դիմակ չկրելու պատճառով: Քանի որ ոստիկանությունում ազգակցական կապը «պարզել չեն կարող»: Մի քանի վատ հրահանգավորված ոստիկաններ տուգանքներ էին գրում քթից ցած սահած դիմակներով:
Ինչ ու ինչպես էլ եղած լիներ, հուլիսին 700 եւ ավելի դեպքերի «պիկից» հետո օգոստոսին ալիքը մարեց, այդպես շարունակվեց մինչեւ սեպտեմբեր-հոկտեմբեր: Դրանից հետո, ռազմական գործողություններով եւ անվտանգության միջոցառումների երկրորդ պլան մղվելով պայմանավորված, սկսվեց «երկրորդ ալիքը»: Նոյեմբերի առաջին օրերին հիվանդացության ցուցանիշը օրական հասավ 2,5 հազարի:
Իսկ ահա հետագայում պատկերը հակասում է համավարակի զարգացման տրամաբանությանը: Եթե այլ երկրների վիճակագրությամբ գրանցվում է աճ, այնուհետեւ «բարձրահարթակ» եւ աստիճանական անկում, Հայաստանում ինչ-որ հրաշքով արդեն նոյեմբերի կեսին, չնայած բողոքի բազմամարդ ակցիաներին, ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելուն եւ այլն, ցուցանիշը նվազեց մինչեւ 1,5 հազարի: Ինչպես կարելի է տեսնել աղյուսակում, դինամիկան կայուն պահպանվում է ընդհուպ մինչեւ հունվարի սկիզբ: Հունվարի կեսից նկատելի է հիվանդացածների թվի աճ:
Ընդգծենք, որ կանխարգելիչ բոլոր միջոցառումները մոռացված են, քաղաքացիները ինքնահոսի են մատնված, դիմակների կրմանը ոչ մեկը չի հետեւում անգամ առեւտրի կենտրոններում, խանութներում, տոնավաճառներում, տրանսպորտը լեփ-լեցուն է, հանրային տարածքների ախտահանում չի կատարվում: Իսկ վերջին նիստում կառավարությունը, ընդհանուր առմամբ, որոշեց երկարաձգել կարանտինը, բայց չեղյալ հայտարարել հանրային միջոցառումների մասնակիցների թվի սահմանափակումները:
Փաստորեն, հուլիսին օրական 300-400 դեպք աճի ժամանակ մարդկանց տուգանում էին: Իսկ հունվարին նույն մակարդակի պարագայում սահմանափակուները հանել են: Այստեղից ստիպված ես եզրակացության հանգել՝ կա՛մ նախկինում ընդունված միջոցառումները չափից ավելին էին, կա՛մ կառավարությունը շտապել է սահմանափակումները հանելու հարցում: Առաջին դեպքում իշխանությունները պետք է չեղարկեն տուգանքները:
Նշենք նաեւ, որ Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի համար տրամադրվել է տասնյակ միլիոնավոր եվրո: