Իրական Հայաստանը ոչ թե օխլոսապետին է մերժում, ինչն այլևս փաստ է, այլև փնտրում է իրական առաջնորդ ու թիմ


Իրական Հայաստանը ոչ թե օխլոսապետին է մերժում, ինչն այլևս փաստ է, այլև փնտրում է իրական առաջնորդ ու թիմ
Հունվար 13 17:22 2021

Իրական Հայաստանը ոչ թե օխլոսապետին է մերժում, ինչն այլևս փաստ է, այլև փնտրում է իրական առաջնորդ ու թիմ, որոնք առնվազն կարճաժամկետ կտրվածքով պետք է ունակ լինեն վկայակոչելու և հետամուտ լինելու հետպատերազմական Հայաստանի ներպետական շահերի պաշտպանությանը և միջպետական գործընկերության զարգացմանը: Փնտրտուքն ուղեկցվում է այն մեծ պարադոքսով, որ ապաքաղաքական առաջնորդութունը պարտավոր է ապահովել հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությունը:

 
Այսօր իրականում Հայաստանի առջև ծառացած գերխնդիրները մնում են պետականության, երկրի իրավաքաղաքական բնույթի և օրեցօր մաշվող անվտանգային շահերի ու հնարավորությունների ուղղակի վերակենդանացման հարցերը: Սոցիալ-տնտեսական և այլ ուղղությունների կարևորությունը պոպուլիստական պատճառներով դարձել է երկրորդային կամ ոչ էական, քանի որ պետությունը ոչ միայն ի զորու չէ ապահովելու դրանց կայուն և անխափան կենսագործունեության ապահովումը, այլև ձախողել է կենսագործունեության ապահովման նախադրյալ հանդիսացող՝ պետության անվտանգության և կանխատեսելիության կարևորագույն առաքելութունը:
 
Աբսուրդստանին բնորոշ աբսուրդային վարչարարությունն այլևս Նիկոլի երկրում դարձել է օրինաչափ: Որևէ մեկն ալևս չի զարմանում անպատասխանատվությամբ ու դավաճանական դիլետանտիզմով տառապող իշխանության վրա: Քաղաքականության որակը երկրում հասցված է անտրամաբանական ցածր նշաձողի, որի միակ առաքելությունը բոլոր քաղաքական ակտորների և միավորների արժեզրկումն է: Սա պատահական չէր, քանի որ դրանք, պայքարելով անորակ և անբարո իշխանության դեմ, նույնպես վատ ու անորակ են գործում: Վատ խաղացողի հետ էլ «լավ» խաղացողը վատ է խաղում: Գումարած դրան՝ հենց նույն խաղի կանոններն էլ թելադրվում են «մուտանտային» չբալանսավորված սահմանադրության կողմից: Դա է պատճառը, որ ոչ լեգիտիմ իշխանությունը սկսել է ընդդիմությանը դրդել մեղսագործության ու չարիքի դաշտ: Ուղղորդող մեղքը նաև նրանում է, որ նրանց մեջ կան կուսակցություններ, որոնց կարելի է քաղաքական անվանել շատ մեծ վերապահումներով: Ընթացիկ մեղքը նրանում է, որ կան կազմակերպչական և ներքին նոմենկլատուրային թերություններ: Իսկ հիմնավոր մեղքը նրանում է, որ այդ կուսակցությունների հիմնական մասն ունի քաղաքական անցյալ: Վերջնական մեղքն էլ նրանում է, որ նրանք ընդդիմություն են՝ գործելով բոլոր թերացումներով հանդերձ քաղաքական, այլ ոչ թե իրենցից պահանջվող բռնի մեթոդներով:
 
Այնուամենայնիվ, միակ ինստիտուտը, որն այս ողջ ընթացքում քիչ թե շատ կարողացել է ներկայացնել պետության՝ հետևողականորեն կատարելով մարդկանց խախտված իրավունքների վերականգնման առաքելությունը, եղել է ՄԻՊ-ը՝ Արման Թաթոյանի գլխավորությամբ: Որևէ այլ ապաքաղաքական և պետական մարմին այդ ծավալի մասնագիտական և հետևողականորեն հիմնավորված աշխատանք չի կատարել: Հետևաբար չի էլ տիրապետում այն արդյունավետ գործիքներին և իրավաքաղաքական «կռվաններին», որոնք հենց այս պահին կարող են օգտակար լինել մեր հայրենիքի համար: Կարծում եմ նաև, որ որևէ հանրային պաշտոնյա իր օգտակար գործողության գործակիցն այդչափ չի ապացուցել պետության առջև ծառացած անվտանգային, միջազգային իրավունքի, մարդկանց խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ:
 
Ավելին՝ հենց Թաթոյանի գլխավորությամբ ՄԻՊ-ը ստանձնել է Ալիևի սանձարձակ հայտարարություններին արձագանքելու, ինչպես նաև գերեվարված հայ զինվորների, ՀՀ պետական սահմանի սահմանագծման, ներպետական և արտաքին քաղաքական մի շարք այլ հիմնահարցերի կարգավորումը: Շեշտում եմ, որ ՄԻՊ-ը միակ ապաքաղաքական կառույցն է, որը Թաթոյանի գլխավորությամբ տիրապետում է լրջագույն իրավաքաղաքական բազայի՝ ունենալով հանրային աջակցություն: Դա հնարավորություն է տալիս գոնե այդ ձևաչափով պաշտպանելու մեր հայրենիքի կենսական շահերը:
 
Հ.Գ. Հայաստանն իրական առաջնորդ ու թիմ է փնտրում: