Միաձայն որոշեցինք Գագիկ Ջհանգիրյանին առաջադրվել ԲԴԽ անդամի թեկնածու. Հաջորդ քառօրյայում կքննարկենք այդ հարցը. Մակունց


Միաձայն որոշեցինք Գագիկ Ջհանգիրյանին առաջադրվել ԲԴԽ անդամի թեկնածու. Հաջորդ քառօրյայում կքննարկենք այդ հարցը. Մակունց
Հունվար 13 14:26 2021

Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպումից հետո «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդակցեց եւ միաձայն որոշեց առաջադրել նրան որպես ԲԴԽ անդամի թեկնածու: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ ահդնիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Գագիկ Ջհանգիրյանին առաջադրել-չառաջադրելու, նաեւ հրավերը պայմանավորված է եղել նրանով, որ մենք համարում ենք պարոն  Ջհանգիրյանին իր ոլորտի պրոֆեսիոնալ եւ սա առաջնային դերակատարություն է ունեցել: Իհարկե, բոլոր այն հարցերը կապված հանրային դաշտում շրջանառվող մեկնաբանությունների, տարատեսակ դիրքորոշումների հետ, բոլոր այդ հարցերը հնչել են եւ խմբակցության տպավորությունն այդ առումով եղել է այն, որ Գագիկ Ջհանգիրյանը տալիս է սպառիչ պատասխաններ: Ես կարծում եմ, որ արդեն լիագումար նիստերի  դահլիճում արդեն հանրությունը կունենա հնարավորություն բոլոր այդ հարցերի վերաբերյալ պարզաբանումները ստանալ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ԲԴԽ նախագահի պնդմանը, որ ԲԴԽ անդամի թեկնածու լինելու համար կա տարիքային շեմ, որին Ջհանգիրյանը չի համապատասխանում, Մակունցն ասաց. «Դուք գիտեք, որ ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրելու համար դատավորների եւ իրավաբան գիտնականների հանդեպ պահանջները տարբեր են: Դատավոր թեկնածուների համար կա տարիքային սահմանափակում, իսկ իրավաբան գիտնականների համար դա չկա: Պատահական չէ, որ տարիներ առաջ նույն այդ հիմքով ընտրվել է դատավոր, որի պարագայում որեւէ խնդիր չի առաջացել: Խոսքը Գագիկ Հարությունյանի մասին է»:

Նա հավելեց, որ հենց այսօր կներկայացնեն իրենց առաջարկը եւ առաջիկա քառօրյայում կքննարկեն Գագիկ Ջհանգիրյանին որպես ԲԴԽ անդամի թեկնածու հաստատելու հարցը: