Հայրենիքը պաշտպանելը դարձավ մի սուրբ գործ, իսկ պատերազմը չհարցրեց ո′չ մեծ ու փոքր, ո′չ զինվոր ու կամավոր, մեր քաջորդիները անձնուրաց պայքարեցին, իրենց կյանքի գնով պաշտպանեցին հայրենիքը: Բայց ոչ բոլորը հետ եկան, պատերազմը շատերին խլեց մեզանից, նրանք անմահացան, հանուն մեր վաղվա խաղաղ օրերի:
Հայրենիքի համար մղվող մերօրյա մարտերում՝ Շուշիի մատույցներում նոյեմբերի 7-ին ՀԵՐՈՍԱԲԱՐ կյանքը հանուն հայրենիքի տվեց նաեւ հայտնի երգիչ-երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանի ավագ որդին՝ ՎԱՐԴԱՆ ԱՄԱԼՅԱՆԸ:
ՀԵՐՈՍԻ ծառայության ավարտին մնացել էր ընդամենը 9 ամիս:
Ինչպիսի՞ն էր մերօրյա հերոսը կյանքում եւ ծառայության մեջ, ի՞նչ նպատակներ ուներ, ի՞նչով էր տարբերվում նրա վերջին զանգը այս եւ այլ հարցերի շուրջ էլ զրուցեցինք ՀԵՐՈՍ ՎԱՐԴԱՆ ԱՄԱԼՅԱՆԻ հայրիկի՝ երգիչ-երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանի հետ.
- Ծառայության մեջ չեմ կարող ասել, թե ինչպիսինն էր Վարդանը, երբեք չի խոսել, մենք էլ չենք խառնվել իմանալով նրա բնավորությունը: Կյանքում էլ, ցավոք սրտի, Վարդանը իրեն այնպես էր պահում, որ մինչեւ վերջ չհասցրեցի ճանաչել: Իր գրածներից հիմա ավելի շատ եմ ճանաչում որդուս, քան իր հետ անցկացրածս 19 տարիների ընթացքում: Վարդանը ֆենոմենալ ուժեղ էր՝ թե ֆիզիկապես, թե հոգեպես: Հանդարտ էր, զուսպ, միշտ իր որոշածով էր կյանքում քայլում: Որովհետեւ ես իրեն էլ, փոքր եղբորն էլ ասել եմ՝ ես կսիրեմ Ձեր ընտրած կյանքը: Անգամ Ձմեռ պապիկից խնդրած խաղաղալիքի գույներն էի փորձում իրենց հետ համաձայեցնել, որ իրենց ուզածով լինի: Երբեք մեր կարծիքը, մեր որոշումը չէինք թելադրում տղաներին:
Վարդանի մեջ ռեժիսյորական ձիրք էի նկատում՝ մեծ ցանկություն ունեի, որպեսզի ռեժիսյոր դառնա տղաս: Բայց ընդունելությանը մոտ եկավ ու ասեց. <<Պա′պ ջան, դու էիր չէ ասում, որ մեր որոշումներով առաջնորդվենք, ես Ֆիզկուլտ ինստիտուտի Բոսքի բաժին եմ ուզում ընդունվել>>: Եվ ընդունվեց, ընդունվեց ու գնաց: Ընկերասեր էր շատ Վարդան, բայց միեւնույն ժամանակ միշտ լուռ՝ իրենից որեւէ ինֆորմացիա ստանալը գրեթե բացառված էր: Իր հետ զրուցելիս մաքսիմում կարող էիր իր մտածելակերպի հետ ծանոթանալ՝ ոչ ավել: Այդպիսինն էր մինչեւ կռվի վերջին օրը:
ՀԵՐՈՍ որդու հետ վերջին զրույցն է հիշում հերոսի հայրը.
- Զոհվելուց ընդամենը մեկ ժամ առաջ էր ՝ կրակոցների ձայնների տակ զանգ տվեց ու էլի ուզում էր ինձ ուժ տալ, հանգստացնել: Ասեց. <<Պապ ջան, ուժեղ ենք, լավ ենք, Դուք պինդ եղեք> : Այսքան բան, երբեք ոչ պատերազմի ընթացքում, ոչ առհասարակ կյանքում երբեւէ Վարդանից դժգոհություն, տրտնջոց չենք լսել:
ՀԵՐՈՍԻ հայրը վստահ է.
-Չեմ կասկածում, որ եթե անգամ ծառայության մեջ էլ չլիներ՝ Վարդանը կամավոր կմեկներ: Որովհետեւ ապրիլյան քառօրյաի ժամանակ, երբ դեռ 15 տարեկան էր՝ Զինկոմիսարիատից զանգեցին եւ տեղեկացրեցին. <<Ձեր 15-ամյա որդին հավաքագրվել է, իհարկե մենք չենք տանի, բայց պարտավոր ենք տեղեկացնել>>: Բայց այդ մասին էլ նա մեզ չէր ասել, երբեւէ բարձրագոչ հայտարարություններ չէր անում: Վարդանը ապրում էր իրական կյանքով:
ՀԵՐՈՍԻ զոհվելուց ընդամենը մեկ շաբաթ առաջ էր հայրը նրան տեսակցել.
-Այսօրվա նման հիշում եմ՝ Վարդանը իրեն հատուկ հանդարտությամբ ասեց. <<Պապ ջան, հանգիստ եղի, ես մահվան հետ խոսել եմ հենց առաջին օրը ու իր հետ լեզու եմ գտել, ինքը իմ թիկունքում է, ես իր հետ խնդիր չունեմ: Մնացածը ճակատագիր է պապ ջան, եթե Տերը որոշել է, որ կենդանի մնամ ուրեմն՝ կմնամ, եթե ոչ՝ ոչ>>: Շատ հանգստացրեց այդ օրը, ասեց մենք առաջին գծից, որ իջանք՝ տեսանք, որ թիկունքում ավելի շատ զոհ ունենք, քան առաջնագծում: Երբեք խուճապի մեջ չէր ընկնում, Վարդանին երբեք շփոթաված,հուզված չէիք տեսնի: Իրեն հատուկ հանդարտությամբ էլ մարտնչել է, զոհվել է հակառակորդի կրակոցից, ինչն ինձ բավականին մխիթարում է, որ որդիս չի հասցրել խեղճանա, չի հասցրել թշնամու ձեռքն ընկնել:
Նկատենք, որ Դավիթ Ամալյանը որդուն անվանակոչել էր ի պատիվ մարտական ընկերոջ՝ Արցախյան առաջին պատերազմի հերոս Վարդան (Դուշման) Ստեփանյանի:










