Թիվ 166 դպրոցում կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել


Թիվ 166 դպրոցում կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել
Սեպտեմբեր 26 15:59 2020

168.am-ը տեղեկություններ էր ստացել, որ Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 դպրոցում առաջին դասարանի դասվարներ են վարակվել կորոնավիրուսով: Այդ դասարանների երեխաներն էլ ժամանակավորապես դպրոց չեն գնում: Ստացված տեղեկատվությունը ճշտելու նպատակով 168.am-ը կապ հաստատեց ԿԳՄՍ նախարարության  Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանի հետ:

«Երեք դասվարի մոտ է թեստը դրական արդյունք ցույց տվել: Իրենք միանգամից անցել են հեռավար եղանակով ուսուցման: Ուսումնական գործընթացը դպրոցում շարունակվում է: Այսօր 500 հոգուց ընդամենը 40-ն է բացակայել»,- ասաց Կամավոսյանը:

 

Կորոնավիրուսով վարակման դեպք ավելի վաղ գրանցվել է նաև Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի հիմնական և ավագ դպրոցներում:

Հիշեցնենք՝ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցի համաձայն՝ դպրոցի անձնակազմի և սովորողների ընդհանուր թվի 10 % և ավելիի՝ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման դեպքում ժամանակավորապես դադարեցվում է դպրոցի գործունեությունը: Մնացած բոլոր դեպքերում ցուցաբերվում է անհատական մոտեցում՝ ելնելով համաճարակաբանական ցուցումից:



loading...