Կորոնավիրուսից մահացել է մանկական վիրաբույժ Մելիք Ռոստոմյանը


Կորոնավիրուսից մահացել է մանկական վիրաբույժ Մելիք Ռոստոմյանը
Հուլիս 10 12:03 2020

Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է բոլորի կողմից սիրված մանկական վիրաբույժ Մելիք Սիմոնի Ռոստոմյանը: Նա 53 տարեկան էր: Այս մասին գրում է med-practic.com-ը:

 

Մելիք Սիմոնի Ռոստոմյանը ծնվել է 1963 թվականի օգոստոսի 17-ին Երևանում (ՀԽՍՀ): Վաղ մանկությունից ծնողները սերմանել են նրա մեջ աշխատասիրություն, կրթության արժեքը գիտակցելու կարողություն և սեր դեպի ստեղծագործ արարում: Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետ, որն ավարտել է 1987 թ.: Այնուհետև նա անցել է ինտերնատուրա մանկաբուժության գծով, իսկ 1988 - 1989 թվականներին մասնագիտացել է մանկական վիրաբուժության ոլորտում Երևանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցում:

 

Ինստիտուտն ավարտելուց հետո Մելիք Ռոստոմյանը 3 տարի (1988 – 1991 թթ.) աշխատել է որպես մանկական վիրաբույժ Հայաստանի տարբեր մարզերում (Արմավիր, Վայոց Ձոր): 1991- 2008 թվականներին Մելիք Ռոստոմյանը աշխատել է որպես մանկական վիրաբույժ Երևանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցի (ներկայումս «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր) վիրաբուժական բաժանմունքում՝ իրականացնելով շտապ-անհետաձգելի և պլանային վիրաբուժական միջամտություններ մանկական վիրաբուժության և նորածինների վիրաբուժության ոլորտում: 2008 թվականից, երբ վերոնշյալ հիվանդանոցի վերակազմավորման արդյունքում Մ. Հերացու համալսարանական կլինիկական հիվանդանոցում վերաբացվել է մանկական վիրաբուժության կլինիկան, Մելիք Ռոստոմյանը գլխավորել է այդ ստորաբաժանման գործունեությունը` որպես կլինիկայի ղեկավար: Նա կազմակերպում էր մանկական վիրաբուժության և նորածինների վիրաբուժության բաժանմունքների շտապ-անհետաձգելի և պլանային բուժօգնության տրամադրման աշխատանքները, ակտիվորեն իրականացնում վիրաբուժական միջամտություններ, ինչպես նաև ուսուցանում կլինիկական օրդինատորների և երիտասարդ մասնագետների:

 

Կլինիկական գործունեության հետ մեկտեղ Մելիք Ռոստոմյանը ակտիվորեն ներգրավված էր գիտական և մանկավարժական գործունեության մեջ: 2009 - 2012 թվականներին նա եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբուժության և մանկական վիրաբուժության թիվ 2 ամբիոնի դասախոս: Մելիք Ռոստոմյանը կրթել ու դաստիարակել է երիտասարդ մասնագետների մի ամբողջ համաստեղություն` մանկական վիրաբույժներ, որոնք այսօր փրկում են հազարավոր երեխաների կյանքեր Հայաստանում և այլ երկրներում: Սակայն նա հաղորդեց նրանց ոչ միայն մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ, երիտասարդ վիրաբույժները սովորեցին իրենից, թե ինչպիսին պետք է և կարող է լինել բժիշկը, ինչպիսի անսահման նվիրվածություն և ստեղծագործական մտածողություն պետք է ցուցաբերի իր գործին, ինչպես փնտրի և գտնի հիվանդի համար լավագույն լուծումները, ինչպես լինի սկզբունքային, երբ հարցը վերաբերում է էթիկային և բարոյականությանը։

2013 թվականին Ռուսաստանի Դաշնություն տեղափոխվելուց հետո Մելիք Ռոստոմյանը շարունակել է ակտիվ մասնագիտական գործունեությունը՝ աշխատելով Անապայի քաղաքային մանկական հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունքում՝ որպես մանկական վիրաբույժ։ Այնուհետև, 2017 թվականին Կալինինգրադ քաղաք տեղափոխվելուց հետո, նա աշխատել է Կալինինգրադի մանկական շրջանային հիվանդանոցի թիվ 1 վիրաբուժական բաժանմունքում՝ որպես մանկական վիրաբույժ:

 

2018 թվականին Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի առողջապահության նախարարության ատեստացիոն հանձնաժողովը նրան շնորհեց բարձրագույն որակավորման կարգ «Մանկական վիրաբուժություն» ոլորտում:

Մելիք Ռոստոմյանը դեռևս ուսանողական տարիներից զբաղվում էր գիտական գործունեությամբ և մի շարք գիտական հրապարակումների հեղինակ էր: 2011 թվականին Երևանի պետական բժշկական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2010 թվականին աշխատանքային գործունեության մեջ հաջողությունների և նվաճումների համար Մելիք Ռոստոմյանը պարգևատրվել է Երևանի պետական բժշկական համալսարանի «Արծաթե մեդալով»՝ բժշկական կրթության և գիտության ոլորտում անթերի աշխատանքի համար:

Մելիք Ռոստոմյանը կարճատև հիվանդությունից հետո կյանքից հեռացավ 2020 թ. հունիսի 9-ին: