Ոսկի են գրավ դրել, կամ պարտք են արել. Ինչպես են գեղանիստցիները վերականգնում պտտահողմի վնասները


Ոսկի են գրավ դրել, կամ պարտք են արել. Ինչպես են գեղանիստցիները վերականգնում պտտահողմի վնասները
Հունիս 28 16:28 2020

Շիրակի մարզի Գեղանիստ գյուղում մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած պտտահողմի ավերիչ հետեւանքները գյուղացիները սկսել են վերականգնել սեփական ուժերով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղանիստի համայնքապետ Սենիկ Մարտիրոսյանը` նշելով, որ գյուղում պտտահողմը հասցրել է մոտ 38-40 մլն դրամի վնաս:

«Վնասի չափը մենք գնահատել ենք, ներկայացրել ենք Կառավարություն, դեռ ոչ մի  պատասխան չենք ստացել: Վնասները գյւողացիները սեփական ուժերով են սկսել վերանորոգել, որովհետեւ անձրեւները որ սկսվեն, ամբողջ տունն է փչանալու: Մարդիկ հիմնականում ոսկի են գրավ դրել, կամ պարտք են արել, որպեսզի իրենց տանիքները վերանորոգեն»,-ասաց նա:

Գյուղապետը նշեց, որ պտտահողմի հետեւանքով կոտրված կամ շրջված գերեզմանաքարերը համայնքապետարանը սեփական միջոցներով է վերականգնել, դեռ չլուծված է  մնում վնասված գյուղտեխնիկայի հարցը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղանիստ գյուղում հունիսի 20-ի առավոտյան մոտ 15 րոպե տեւած պտտահողմի հետեւանով 70-80 տուն է վնասվել, մեծ թվով գերեզմանաքարեր, գյուղատնտեսական տեխնիկա, այգիներ եւ մշակաբույսերի ցանքատարածություններ: