«Ամեն ոք պետք է հասկանա, որ իրավունքներից զատ ունի նաև պարտականություններ». Էդգար Ջանոյան


«Ամեն ոք պետք է հասկանա, որ իրավունքներից զատ ունի նաև պարտականություններ». Էդգար Ջանոյան
Մայիս 18 20:13 2020

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի քաղաքացինե՜ր:


     Այսօրվանից ողջ ծավալով գործում են ոստիկանության՝ հանրությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումները, այդ թվում՝ հաշվառման-քննական բաժանմունքները:
     Նկատի ունենալով տևական ժամանակ կուտակված խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությունը՝ հաշվառման-քննական բաժանմունքներն աշխատում են նախատեսված աշխատանքային ժամերից ավելի ու գործելու են նաև շաբաթ և կիրակի օրերին:


     Արվում է առավելագույնը քաղաքացիների խնդիրները հնարավորինս արագ լուծելու համար:
     Ոստիկանությունն այդ հանձնառությունը կատարելու գործում ակնկալում է քաղաքացիների աջակցությունը. առանց համընդհանուր օրինահարգության անհնար է հասնել մեր միասնական նպատակների իրականացմանը:


     Կոչ ենք անում մեր քաղաքացիներին անվերապահորեն կատարել համավարակի պայմաններում անձնական և հանրային անվտանգության ապահովման պահանջները՝ պահեք սոցիալական տարածություն, դիմակ կրեք, պահպանեք սպասարկվող խմբի սահմանված թվակազմը:


     Ամեն ոք պետք է հասկանա, որ իրավունքներից զատ ունի նաև պարտականություններ, որոնց կատարումն ուղղված է իր, հարազատների, ողջ հանրության անվտանգության ապահովմանը:
     Բոլորիդ մաղթում ենք համակեցության կանոնների պահպանում, արդյունավետ փոխգործակցություն և առողջություն»: